Անգելա Մերկելի ինքնաթիռը Դորտմունդի օդանավակայանում բախվել է ավտոմեքենային

05:53 • 14.05.19

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռը Դորտմունդի օդանավակայանում բախվել է ավտոմեքենային, Life.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Գերմանիայի օդուժի մամլո ծառայությունը:

Աղբյուրը մանրամասնել է, որ արդեն կայանված կառավարական Global 5000 ինքնաթիռին բախվել է օդանավակայանի ծառայողական ավտոմեքենան: Պատճառն այն է, որ վարորդը մոռացել է միացնել ձեռքով արգելակելու համակարգը և հեռացել է մեքենայից, ինչից հետո այն սկսել է առաջ շարժվել:

Նշվում է, որ միջադեպի պահին կանցլերն ինքնաթիռում չի եղել: Սակայն նա ստիպված է եղել Դորտմունդից թռչել այլ՝ Գերմանիայի պաշտպանության նախարարության օդանավով:

Հիշեցնենք, որ սա Անգելա Մերկելի ինքնաթիռի հետ կապված առաջին դեպքը չէ: Անցյալ տարվա նոյեմբերին Գերմանիայի կանցլերի ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել, երբ Մերկելը մեկնում էր Արգենտինա՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին: Նա ստիպված էր եղել թռչել սովորական չվերթով և ուշացել էր գագաթաժողովից: