ԵՊՀ հարյուրամյակի մեկնարկին Թաթուլ Մանասերյանը 100 միավոր գիրք նվիրեց ԵՊՀ գրադարանին
ԵՊՀ հարյուրամյակի մեկնարկը տրվեց այսօր ԵՊՀ գրադարանում ԵՊՀ պրոֆեսոր՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կողմից ԵՊՀ գրադարանին 100 միավոր գիրք նվիրելու նախաձեռնությամբ:
ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը միջոցառման ժամանակ ասաց, որ Մանասերյանի նվիրած գրականությունն ավելի շատ է, բայց սիմվոլիկ ասում են՝ 100 գիրք 100-ամյակի կապակցությամբ:
«Սա պրոֆեսորի առաջին նվիրատվությունը չէ ԵՊՀ գրադարանին, բայց մինչ այս պարոն Մանասերյանը չի ցանկացել, որպեսզի հանրայնացնենք: Սա ուղղակի ակցիա է, որը կարծում ենք, կլինի շարունակական և մյուս պրոֆեսորները ևս կհետևեն այս օրինակին»,- ասաց Եզնիկ Միրզոյանը:
Թաթուլ Մանասերյանն էլ իր խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է Մայր ԲՈւՀ-ի հարյուրամյակը նման խորհրդանշանական մեկնարկով նշանավորելը:
Մանասերյանը հայտնեց, որ անցյալ տարվանից է այս գաղափարը ծնվել: «Եվրոպայում, ԱՄՆ-ում իմ բազմաթիվ գործընկերներին դիմեցի խնդրանքով՝ իրենց մասնագիտական գրականությունը, եթե կարող են, կիսվեն մեզ հետ: Իհարկե, նաև իմ անձնական պահոցից դասագրքեր կան, որոնք ես ձեռք էի բերել տարբեր երկրներից:
Առաջին այսպիսի պատիվ՝ գիրք նվիրելու, ունեցել ենք 1997 թվականին, երբ կատարվեց գրադարանի մասնաշենքի բացումը: Բարեբախտություն ունենք և՛ ուսանողներին ուղարկելու, և՛ ինքներս օգտվելու: Կարծում եմ՝ որքան այս նախաձեռնությունը շարունակվի, այդքան երկար կլինի մեր պետական համալսարանը, գրադարանը, ուսանողների՝ գիտելիքի հանդեպ սերը»,- ասաց նա:
Մանասերյանը նշեց, որ նվիրվող գրականությունը միայն տնտեսագիտական չէ, բազմազան է: Նաև հիշեցրեց, որ ինքը մի գերդաստանի շարունակությունն է, որը ԵՊՀ հիմնադիրներից է եղել. ինքն էլ՝ ԵՊՀ-ի 100 տարիներից 36-ը դասավանդում է այս բուհում:
Նախաձեռնությանը ներկա ԵՊՀ դասախոս Ալեքսանդր Սաֆարյանն էլ ասաց, որ ԵՊՀ-ի հարյուրամյակի նախօրյակին գրադարանի տնօրինության հետ միասին կոչ են արել իրենց գործընկերներին ԵՊՀ գիտական գրադարանին նվիրել տարիների ընթացքում ամբարած հատկապես այն եզակի գրքերը, որոնց երկրորդ, երրորդ օրինակները չկան ԵՊՀ-ում և ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանում:
«Եթե բոլոր դասախոսներն իրենց նմանակը չունեցող գրքերը նվիրաբերեն մեր համալսարանի գրադարանին, ապա մենք կունենանք 300 հազար անուն գիրք: Եզակի 300 հազար գրքերի համալրումով ԵՊՀ գրադարանը կդառնա Այսրկովկասի համալսարանների գիտական գրադարանների անվիճելի առաջատարը, ուստի կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին հետևել Մանասերյանի օրինակին»,- եզրափակեց նա:











