Ապամոնտաժվեց 21 զրահապատ մարտական մեքենա, նախատեսվում է ևս 140-ի ապամոնտաժում և ապառազմականացում (տեսանյութ)
«Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» (Treaty on Conventional Armed Forces in Europe (CFE Treaty)) շրջանակում Հայաստանում ապամոնտաժվեց շարքից դուրս եկած 21 զրահապատ մարտական մեքենա: Վերջիններիս կրճատումը հնարավոր դարձավ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության հիմնադրամի ծրագրով և Գերմանիայի՝ որպես գլխավոր իրականացնող երկրի մասնակցությամբ:
«Գերմանիան այս ծրագրին տրամադրել է ավելի քան 1 մլն եվրո և պատրաստ է պայմանագրի անդամ այլ երկրների նույնպես աջակցել Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրի դրույթների լիարժեք իրականացման հարցում»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
Դեսպանն ասաց, որ 21 մեքենաների ապամոնտաժումը ծրագրի առաջին փուլն է. ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս 140 զրահապատ մեքենաների ապամոնտաժում և ապառազմականացում:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն էլ լրագրողների հետ զրույցում արձանագրեց՝ Հայաստանը Գերմանիայի հետ հաջողությամբ համագործակցում է նաև սպառազինությունների վերահսկման ոլորտում. «Ինչպես նշեցինք՝ ծրագրի շրջանակում առաջին փուլում շարքից հանվեց 21 միավոր զրահապատ մեքենա, հաջորդ փուլում այդ մեքենաները կկտրատվեն, մետաղը կվաճառվի, և այդ գումարը կուղղվի ականազերծման ոլորտում մարդասիրական ծրագրերի ֆինանսավորմանը և պատերազմի պայթուցիկ մնացուկների և ականների ռիսկերի վերաբերյալ կրթական ստորաբաժանման համար»:
Նշենք, որ ԵՍԶՈւ պայմանագրի առաջնային նպատակը եղել է ՆԱՏՕ-ի և «Վարշավյան պակտ»-ի միջև սովորական հարձակողական սպառազինությունների ոլորտում հավասարակշռության պահպանումը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վարշավյան պակտ»-ը ներկայում գոյություն չունի, իսկ այդ երկրներն արդեն իսկ միացել են 1949թ. Վաշինգտոնյան համաձայնագրին (ՆԱՏՕ), առաջացել է վերոնշյալ հավասարակշռության խախտում: Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը Վարշավյան պայմանագրի երկրների կողմից ստորագրվել է 1990 թվականին։ Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 8-ը, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, 1992թ. Տաշքենդում ստորագրված համաձայնագրով ճանաչեցին իրենց պարտավորություններն այս պայմանագրի իրականացման ոլորտում: Հայաստանը, ըստ պայմանագրի, սահմանի երկայնքով կարող է ունենալ մինչև 220 տանկ, 285 100 մմ-ից մեծ տրամաչափի հրետանային համակարգ:
Մանրամասները՝ տեսանյութում:










