Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի Նուր-Սուլթանում անցկացվող ամենամյա տնտեսական ֆորումին                           

11:35 • 14.05.19

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի մայիսի 16-ին Նուր-Սուլթանում բացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին և հանդես կգա ելույթով, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում ամեն տարի հայտնի քաղաքական գործիչները, տնտեսագետները, բիզնես-առաջնորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները: 

Տոկաևն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը ֆորումի աշխատանքներին կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև ներդրումային ու առևտրային կապերի ամրապնդմանը:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Ղազախստանի ղեկավարության, ինչպես նաև ֆորումին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: