Արարատ Միրզոյանը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ քննարկել է երկկողմ օրակարգի խնդիրները

18:24 • 14.05.19

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները և ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները: 

Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությունը Հայաստանում՝ բարձր գնահատելով կառույցի հետ ձևավորված համագործակցության մակարդակը: Նրա խոսքով՝ ավելի քան քսան տարի Հայաստանում տարբեր ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացված աջակցության ծրագրերը շոշափելի արդյունքներ են գրանցել: ԱԺ նախագահը հիշատակել է արդյունավետ փոխգործակցությունը Հայաստանում անցկացված ընտրությունների, այժմ էլ՝ խորհրդարանին աջակցության ծրագրերի շրջանակում: 

Օրենսդիր մարմնի ղեկավարը ներկայացրել է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ փոխգործակցության իր տեսլականը, մասնավորապես անդրադարձել Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից Հայաստանի Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերին: Այս համատեքստում նա կարևորել է ծրագրերի իրականացումը՝ հիմնված Ազգային ժողովի կողմից իրականացված կարիքների գնահատման վրա: 

Դեբորա Գրիզերը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը՝ նշելով, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերը ճկուն են և հնարավորություն են ընձեռնում դրանք համապատասխանեցնել ԱԺ-ի կողմից նախանշված կարիքներին: ԱՄՆ Միջազգային գործակալության տնօրենը նաև կարևորել է միջազգային գործընկերների ջանքերի համակարգման հարցում Ազգային ժողովի նախագահի նախաձեռնողականությունն ու առաջնորդությունը:
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել  երկկողմ օրակարգի խնդիրները և այս առումով ինտենսիվացնել կողմերի միջև հանդիպումները: