Սուդանում զինված անձինք կրակել են ցուցարարների ուղղությամբ. 5 մարդ զոհվել է, ավելի քան 10-ը՝ վիրավորվել

04:43 • 14.05.19

Սուդանի մայրաքաղաք Խարթումի կենտրոնում, որտեղ շարունակվում է ընդդիմության նստացույցը, տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ զոհվել է, ավելի քան 10-ը ստացել են հրազենային վնասվածքներ: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sky News Arabia-ն:

Ըստ աղբյուրի՝ մահացածներից մեկը զինվորական է, մյուսները՝ ցուցարարներ: Վիրավորներներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում:

Նշվում է, որ զինված անձինք հարձակվել են ցուցարարների վրա, նրանց ծեծի ենթարկել, այնուհետև զենք գործադրել: Ականատեսների խոսքով՝ հարձակվողները եղել են անվտանգության ծառայողի հագուստով:  

Աղբյուրը նշել է, որ հրապարակում շարունակվում են կրակոցները, լսվում են պայթյուններ: Ցուցարարներն ուժի գործադրման համար մեղադրում են նախկին վարչակարգի կողմնակիցներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Սուդանում չորսամսյա հանրահավաքներից հետո տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվեց իշխանությունից, հետագայում բանտարկվեց: Բանակ ներկայացուցիչներից կազմված զինվորական խորհուրդն իշխանությունն իր ձեռքը վերցրեց՝ խոստանալով երկու տարվա ընթացքում երկրի ղեկը փոխանցել ընտրված իշխանություններին: Սակայն ժողովրդական բողոքի ալիքը Սուդանում չի հանդարտվում: Ցուցարարները պահանջում են քաղաքացիական կառավարման մարմնի անհապաղ ձևավորում և այդ կառույցին լիազորությունների փոխանցում: