Այսօր ծանուցում եմ ստացել՝ պարզաբանում տուր, թե ինչու ես բացակայել. այս ամենն աբսուրդ է. ՏԶՆՆ աշխատակիցը՝ ազատման դիմում գրելու պահանջի մասին

19:43 • 15.05.19

Փետրվարին եմ ունեցել բացակայություն երկու օր, ապա մարտին, ապրիլին և մայիսին երկուական օր եմ ունեցել բացակայություններ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակից Գոհար Անակչյանը՝ անդրադառնալով նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանի տարածած հաղորդագրությանը իրեն աշխատանքից ազատման դիմումի պահանջ ներկայացնելու համար:

Գոհար Անակչյանը Tert.am-ին պատմեց՝ աշխատանքի 2018 թվականի օգոստոս ամսից է անցել. «Աշխատել եմ որպես փոխնախարարի օգնական, մինչ այդ ես ունեցել եմ տարբեր նախարարություններում աշխատանքային փորձ, 96 թվականից պետական համակարգում եմ աշխատում:

Փետրվար ամսին իմ անմիջական ղեկավարը՝ նախկին փոխնախարար Հակոբ Ավագյանն իր դիմումի համաձայն հրաժարվեց իր պաշտոնից, ու ստացվեց, որ ես մնացի առանց անմիջական ղեկավարի: Ես ինքս դիմում չեմ գրել դուրս գալու համար, մինչ այս ինձ ոչ ոք չի ասել դիմում գրի, դուրս արի»,- պատմեց նա:

Ըստ Անակչյանի՝ դրանից հետո ինքն աշխատանքային զբաղվածություն չի ունեցել: «Ինձ համար շատ անսովոր վիճակ էր, որ կարելի է մեկ շաբաթ հենց այնպես նստել ու ոչինչ չանել: Դիմել եմ աշխատակազմի ղեկավարի օգնականին, և նա շատ ողջունեց իմ առաջարկը, որ ուզում եմ իմ զբաղվածությունն ապահովել: Մենք ընդհանուր համաձայնության եկանք, որ նախարարության քարտուղարության գործառույթներից որոշ բան կանեմ: Նույն օրվանից ստացա հանձնարարականներ, մինչ օրս ստանում և կատարում եմ այդ հանձնարարականները»,- նշեց նա:

Անակչյանն անդրադարձավ նաև Աննա Օհանյանի կողմից տրված պարզաբանմանը: 

«Ես փետրվար ամսին ունեցել եմ բացակայություն երկու օր, որի համար գրել եմ բացատրագիր, և դա հարգելի է համարվել նախարարության կողմից: Հետո ես ունեցել եմ բացակայություն մարտին, ապրիլին, նաև մայիսին՝ ամեն անգամ երկու օր: Այս բացակայություններից հետո ստացել եմ իմ նորմալ աշխատավարձն առանց պահումների: Ես իմ լավ աշխատանքի համար եռամսյակային պարգևավճար եմ ստացել»,- ասաց նա և հավելեց.

«Մայիս ամսին՝ 6-ին և 7-ին, էլի աշխատանքի չգալուց հետո, ամսի 14-ին ստանում եմ հեռախոսազանգ՝ դու պետք է դիմում գրես, նախարարն ասում է՝ Գոհարը դիմում պետք է գրի: Դա ինձ համար այնքան անակնկալ էր: Ինչո՞ւ պետք է գրեմ, իմա՞ստը: Ես հարցրեցի՝ ինչի՞ համար, ասացին՝ նախարարն է ասել, ու հենց այսօր պետք է գրես: Ասել եմ լավ ու դրել եմ հեռախոսը, վերջ»:

Նա նշեց, որ որոշել է՝ պետք է իր իրավունքները պաշտպանի: «Վերջապես մենք ապրում ենք հեղափոխությունից հետո, մենք միասին ենք կառուցում իրավական երկիր, ու ես պետք է իմ իրավունքները պաշտպանեմ»,- շեշտեց Անակչյանը:

Ճշտող հարցին՝ նա շարունակո՞ւմ է պնդել, որ սոցիալական ցանցերում գրած գրառումների համար է հեռացվում աշխատանքից, նա ասաց. «Միանշանակ, այո՛, որովհետև վերջին մի քանի ակտիվ գրառումներից հետո եղավ այս արձագանքը: Իրենք կարող էին ինձ փետրվարին հանել չէ՞ աշխատանքից, մարտին, ապրիլին, բայց մայիս ամսին մի քանի գրառում եմ արել, որն էլ, ըստ երևույթին, հիմք է հանդիսացել: Ես դրան եմ հակված, որովհետև ուրիշ պատճառ չունեն: Ինչ վերաբերում է բացակայություններին, ես կոնկրետ հիվանդության պատմությունը, հետևանքները կներկայացնեմ»:

Անակչյանը պնդում է, որ բարիդրացիական հարաբերություններ ունի նախարարությունում բոլորի հետ: «Ինձ համար անհասկանալի է այս վերաբերմունքը, սա անհարգալից վերաբերմունք է, կարելի էր զանգել, կանչել, մարդկային ձևով զրուցեինք, ինչ-որ բացատրություն տային, ես էլ իրենց դրության մեջ մտնեի: Ես պետականամետ մարդ եմ, ես պետությանն եմ ծառայում, անկախ նրանից, թե ինչ իշխանություն կլինի, դա ինձ համար նշանակություն չունի: Իմ գործը պետությանը ծառայելն է»,- նշեց նա:

Նա նախարարության պարզաբանումը աբսուրդ որակեց: «Ի՞նչ է նշանակում՝ բարի կամք են դրսևորել: Բարեգործական ընկերությո՞ւն է: Պետք չէր նման կամք դրսևորել, պետք է առաջին օրվանից ասեին, եթե դու չունես հիվանդությանդ պատճառով բացակայության համար հիմնավոր փաստաթուղթ, դու ստանում ես նկատողություն: Դա է օրենքը»,- նշեց նա և ևս մեկ անգամ շեշտեց՝ դիմում չի գրելու, շարունակելու է պայքարել իր իրավունքների համար:

«Այսօր ծանուցում եմ ստացել, որ 2 օրվա մեջ պարզաբանում տուր, թե ինչո՞ւ ես բացակայել, աբսուրդ է, ինչպե՞ս կարելի է մեկ օր առաջ ասել՝ դիմում գրի, հաջորդ օրը ծանուցում ուղարկել»,- հավելեց նա: Վերջինս հայտարարեց՝ կարող է իր բացակայությունը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնել:

Գոհար Անակչյանի տված վերանշյալ պարզաբանումների շուրջ Tert.am-ը փորձեց զրուցել ՏԶՆ նախարարության խոսնակ Աննա Օհանյանի հետ: Վերջինս նշեց, որ այս թեմայով բոլոր պարզաբանումներն ու դիրքորոշումները ներկայացրել է նախարարությունը, և մեկնաբանելու կարիք այլևս չկա: