Կարո Փայլանը պատրաստվում է դատախազություն դիմել հայազգի տղային «իսլամացրած» թուրք աստվածաբանի գործով
Հայկական և թուրքական շրջանակներում բուռն քննարկումների առիթ է տվել թուրքական հեռուստաշոուներից մեկի ժամանակ հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի կողմից Արթուր անունով հայազգի տղային իսլամի հետևորդ դարձնելու փորձը:
Խորհրդարանի անդամ Կարո Փայլանն այս առնչությամբ մտադիր է պաշտոնապես բողոք ներկայացնել Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ, ինչպես նաև երկրի դատախազություն:
«Արթուրի մայրը հայտնել է, որ երեխան հեռուստաշոուին է մասնակցել առանց իր թույլտվության: Ես պաշտոնական բողոք կուղղեմ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին, ինչպես նաև երկրի դատախազությանը: Ես կբողոքեմ այդ հաղորդման դեմ երեխաների չարաշահման համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:
Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր հերթին զանգահարել է կրոնի հարցերով վարչության ղեկավարին ու դեպքի առնչությամբ իր անհանգստությունը հայտնել:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Էներօղլուն ևս անդրադարձել է թեմային՝ նշելով, որ ծայրահեղ դժգոհ է Հաթիփօղլուի արարքից:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հաթիփօղլուի շոուի ժամանակ, երբ 13-ամյա Արթուրը աստվածաբանի խնդրանքով «համաձայնել» է իսլամ ընդունել և Նիհաթ անունը վերցնել:










