Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենալայն կախովի կամուրջը (լուսանկարներ)
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին չորեքշաբթի բացել է Նեղոսի վրա կառուցված նոր կախովի կամուրջը, որն ամենալայնն է աշխարհում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ կամուրջը կառուցվել է ենթակառուցվածքների բարելավմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված նախագծի շրջանակներում:
Կամուրջը, որը Նեղոսը հատում է Կահիրեի կենտրոնից հյուսիս ընկած հատվածում, առանցքային օղակ է Կարմիր ծովից մինչև Միջերկրածովյան հյուսիսարևմտյան ափը ձգվող մայրուղու կազմում: Այն կոչված է նվազեցնելու մայրաքաղաքում հաճախ նկատվող խցանումները:
Կամուրջի ամենալայն հատվածում երթևեկության վեց շարք կա յուրաքանչյուր ուղղությամբ: Կամուրջի լայնությունը կազմում է 67.3 մետր:
Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի տարածաշրջանային ներկայացուցիչը, որը ներկա էր բացման արարողությանը, հայտնել է, որ այն ամենալայնն է ողջ աշխարհում:













