Կավելանան վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները. Արթուր Մեսչյան
Մենք մեծացնում ենք վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Շատ շուտով, մոտ օրերս վարչական շրջաններն իրավասու կլինեն ավելացնել իրենց գործառույթը նրանով, որ իրենք պատասխանատու կլինեն ավտոտնակների, վարձակալությունների երկարացման, կրպակների, վարչական շրջանների այգիների համար: Այն ծավալների համար, որոնցով մենք զբաղվում ենք, այդ աշխատանքները բավականին ժամանակ են խլում մեզանից, կարևոր ծրագրերի համար ուղղակի ժամանակը չի հերիքում»,- նշեց նա:
Արթուր Մեսչյանի կարծիքով՝ վարչական շրջանների ղեկավարները շատ ավելի լավ գիտեն՝ ինչ է կատարվում իրենց համայնքներում:
«Շատ ազնիվ կլինի, որ այդ աշխատանքով զբաղվեն իրենք: Ես ուզում եմ, որ վարչական շրջանների ղեկավարներն իսկապես ղեկավարեն իրենց շրջանը՝ ճարտարապետական այս ամբողջ հարթության մեջ», -ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը:










