Ֆիրդուսի թաղամասում մեծածավալ աշխատանքները դեռևս չեն մեկնարկում, քանի որ այնտեղ դեռ չիրացված հողատարածքների խնդիրներ կան. Արթուր Մեսչյան

12:50 • 15.05.19

Ֆիրդուսի թաղամասում մեծածավալ աշխատանքները դեռևս չեն մեկնարկում, քանի որ այնտեղ դեռ չիրացված հողատարածքների խնդիրներ կան. այսօր հրավիրված ասուլիսին նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ի վերջո ե՞րբ կիրականացվեն մեծածավալ աշխատանքները:

Մեսչյանը նշեց, որ բնակիչների վերաբնակեցման խնդիրները լուծված են: «Ուղղակի  հողատարածքների խնդիր կա, որ վերջանական լուծված չէ, այնտեղ բաժանված է լոտերի, որոշ լոտեր արդեն ունեն կառուցապատողներ, որոշների համար դեռ չկան: Մի բան կարող եմ ասել, որ ճիշտ եք՝ երկար տևեց, բայց քանի որ շատ-շատ քանակի մարդիկ են ներգրավված այդ ծրագրում, շատ քանակի մարդկանց համար պետք է բախտորոշիչ որոշումներ կայացվեն, դրա համար հարցը մի քիչ հետաձգեց ժամկետները»,-ասաց նա:

Մեսչյանն ասաց, որ 18 լոտի էր բաժանված Ֆիրդուսի թաղամասը, և հիմնական կենտրոնական լոտերի 80 տոկոսը ձեռք է բերվել, և հողամասերը գրեթե իրացված են, ու  ծրագիրը հավանության է արժանացել:

«Լրիվ հողամասերը ձեռք բերելուց հետո կդիմենք նախագծման թույլտվություն ստանալու համար, և որից հետո արդեն կհաստատվի նախագիծը: Կարծում եմ՝ լոկալ, կենտրոնական հատվածի համար միգուցե սկսվի շինարարական աշխատանքը»,-ասաց նա: