Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից․ Բ. Սահակյանի և Ա. Ղուկասյանի անձնական երաշխավորմամբ դատարանը փոխեց խափանման միջոցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, րոպեներ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխեց:
Դատարանի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայացրած անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։










