Բարձրագույն դատական խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել

22:34 • 19.05.19

Բարձրագույն դատական խորհրդի անդամները եկել են աշխատանքի։

Tert.am-ի թղթակիցը Բարձրագույն դատական խորհրդի շենքից հայտնում է, որ քիչ առաջ մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի արտահերթ նիստը, և այն դեռ շարունակվում է։

Ենթադրվում է, որ նիստի օրակարգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն է դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վաղը առավոտյան արգելափակում են հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը: 

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,-գրել էր նա:

Ավելի վաղ դատարանը փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: