Այն, ինչ տեղի ունեցավ Ազատության հրապարակում, պարզապես խուժանություն է և ատելության հստակ դրսևորում. ՀՅԴ Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտե
ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՅԴ Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն, որում, մասնավորապես, ասված է.
«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ` Երևանի Ազատության հրապարակում, ոչ թե հանդուրժողականություն է, որ ամեն քայլափոխի արդեն մեկ տարի է՝ բռնազբոսիկ ձևով քարոզվում է Հայաստանում, այլ` պարզապես խուժանություն է և ատելության հստակ դրսևորում:
ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանի դեմ կատարված փողոցային արարքը ոչ միայն խստիվ դատապարտում ենք, այլև պահանջում ենք իշխանությունից` միջադեպին անմիջապես տալ իրավական գնահատական, և իբրև թե պատահական թվացող արարքի հետևում կանգնող կազմակերպիչներին բացահայտել ու պատժել ըստ օրենքի: Այլապես, հետագա որևէ զարգացման ամբողջ պատասխանատուվություը կրելու է գործող իշխանությունը:
Ընկեր Հրանտ Մարգարյանի դեմ ուղղված այս արարքն ուղղված է Դաշնակցության աշխարհասփյուռ բովանդակ ընտանիքի դեմ: Վերջին ամիսներին ու մինչ օրս, հանուն ազգային միասնականության` անտեսել ենք մեր դեմ տարվող կազմակերպված քարոզչական անբարո արշավը, ինչպես նաև` փողոցային էժան նկրտումները, սակայն արդեն անցել է ամեն չափ ու սահման, առ այդ այսուհետև պիտի չհանդուրժենք նման սին վարքագիծ»։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների և ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի միջև միջադեպ է տեղի ունեցել:
Ակցիայի մասնակիցները, Ազատության հրապարակում տեսնելով թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանին, սկսել են վանկարկել «դա-վա-ճան», ապա փորձել են խմբով մոտենալ նրան, քաշքշել:
Ոստիկաններն առանձնացրել են կողմերին և ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ քաղաքական գործչին:










