Օպերայի շենքում ռումբ չի հայտնաբերվել (թարմացված)
15.34
Ոստիկանության կինոլոգիական խումբն Օպերայի շենքում իրականացրել է տեղազննում. ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել:
14.28
ԱԻՆ-ի աշխատակիցներն այս պահին Օպերայի շենքում որոնողական աշխատանքներ են իրականացնում, իսկ աշխատակիցները դրսում են:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը:
Կարինե Կիրակոսյանի խոսքով՝ թատրոնում այսօր քիչ թվով աշխատակիցներ կային: Եկել էին նրանք, ովքեր մասնակցում են երեկոյան թատրոնում նախատեսված ներկայացմանը:
Հարցին՝ արդյոք հանարվոր է՝ ներկայացումը հետաձգվի, Կիրակոսյանը պատասխանեց՝ դեռևս որևէ բան ասել չի կարող, կախված է ԱԻՆ աշխատակիցների հրահանգից:
13.54
Մայիսի 19-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










