Նիկոլ Փաշինյանը տեսակցել է հակառակորդի արձակված կրակոցներից վիրավորված զինծառայողներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ՝ Արգիշտի Սեպխանյանին, Աղանիկ Զորողյանին և Վահե Այվազյանին:
Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների և նրանց ծնողների հետ: Վարչապետը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել զինծառայողներին անձնվեր ծառայության համար:
Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին:
Վարչապետ Փաշինյանը զինվորական հոսպիտալում Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում նաև գրառում է կատարել՝ հայտնելով, որ այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
«Այսօր այցելեցի մեր վիրավոր հերոսներին: Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարևորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա»,- գրել է նա։










