Շվեյցարիայում մեկնարկել է զենքի գնման օրենքների խստացման վերաբերյալ հանրաքվեն

11:57 • 19.05.19

Այսօր՝ մայիսի 19-ին, Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում, որի շրջանակում քաղաքացիներն իրենց կարծիքը կարտահայտեն զենքի գնման օրենքների խստացման և ձեռնարկությունների համար հարկային բարեփոխումների վերաբերյալ, գրում է New York Times-ը:

Նոր օրենքի համաձայն՝ ավտոմատ զենքերի վաճառքը կարգելվի, իսկ կիսաավտոմատ զենքի առևտուրը խիստ վերահսկողության տակ կառնվի: Խոսքը, մասնավորապես, ավելի քան 20 փամփուշտ տեղավորող պահեստատուփով ատրճանակներին և 10 և ավելի փամփուշտ տեղավորող հրացանների մասին է:

Զենքի գնման ավելի խիստ օրենքների ընդունումը հրահանգված է Եվրամիության կողմից, իսկ հրահանգը մշակվել է 2015թ.-ի ահաբեկչական հարձակումներից հետո: Չնայած Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, այն չի կարող շրջանցել հրահանգը, քանի որ դա կսպառնա Շենգենյան գոտու պետությունների հետ համագործակցությանը:

Ապրիլի վերջին անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ քվեարկողների 65%-ը կողմ է զենքի ձեռքբերման օրենքների խստացմանը: