ՀՀ-ում հեղաշրջման հովանավորները ԵՄ–ի և ԱՄՆ–ի կողմից սատարվող հիմնադրամներն են. «Ադեկվադի» բողոքի ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց (տեսանյութ)
11։20
«Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական «ցիրկի» ներկայացումն է մոգոնում, ինքը քող է իջեցնում այն պրոցեսի վրա, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ: Սահմանադրական կարգը մեկ տարի առաջ տապալվեց, իշխանազավթման պրոցես սկսվեց, ու որոշ կառույցներ, առաջին հերթին ԵՄ գրասենյակը, ԱՄՆ ներկայացուցիչները, պլստում են պատասխանատվությունից: Այնինչ, Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, տապալվել է սահմանադրական կարգ, որի հիմնական հովանավորները ԵՄ ու ԱՄՆ կողմից սատարվող հիմնադրամներն են»,- ասաց «Ադեկվադի» անդամ Արթուր Դանիելյանը:
Արթուր Դանիելյանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ նպատակ ունի դատարանների դռները արգելափակելու ակցիան, «տեղի ունեցողը կրկես է», որովհետև պարզ չէ, թե դատավորների աշխատանքի չգնալով ինչ հարց է լուծվում:
«Ես չգիտեմ՝ դատական համակարգը կաթվածահար անելով ինչի է ուզում հասնել Փաշինյանը, որովհետև դատական համակարգը մեկ տարի է՝ իրեն է սպասարկում, իր կողմնակիցների օրինազանցություններն է քողարկում»,- ասաց Դանիելյանը:
«Ադեկվադի» անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ ասաց, որ տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալման երրորդ դրվագը: «Նիկոլ Փաշինյանը կատարածու է, Հայաստանում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որն ունի արտաքին հովանավորներ ու գլխավոր հովանավորների գրասենյակն այստեղ է (նկատի ունի ԵՄ գրասենյակը – Tert.am): Օտարերկրյա ինչքան գործակալ կա Հայաստանում իր բռնազավթման աջակից, կողմնակից ու հովանավոր են: «Ազատություն» ռադիոկայանը չի հանդիսանում հայկական մեդիա, իսկ նրանք հեղաշրջման ընթացքում դարձել են իշխանական գլխավոր «ռուպրներից» մեկը»,- մանրամասնեց Տեր-Նակալյանը:
Վերջինս նշեց, որ կա ժողովրդի մի հատված, որը տրամագծորեն այլ կարծիք ունի, բոլորը չէ, որ «հպատակվել են Փաշինյանի ստի իշխանությանը»: «Մեր երկիրը արտաքին օկուպանտի տակ է»,- նշեց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
10։44
«Ադեկվադ» հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիա է իրականացնում Երևանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի դիմաց։
Ցուցարարները «Armenia Unlock Occupation», «Why So Soros», «Սվիտալ– Սիկ» և այլ գրություններով պաստառներ են պարզել։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով այսօր առավոտյան ժամը 08.30-ից քաղաքացիները փակել են դատարանների մուտքերը։










