Տիգրան Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունից աշխատանքից ազատվել է 40, ընդունվել՝ 32 աշխատակից

20:16 • 23.05.19

Տիգրան Խաչատրյանի՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում 2018 թվականի հոկտեմբերի 15-ից նշանակվելու օրվանից մինչ օրս նախարարությունից աշխատանքից ազատվել է 40 աշխատակից. այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից:

«11 աշխատակիցներ ազատվել են աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով, 27-ը՝ անձնական դիմումի համաձայն, 1-ը՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով, այն է․ «Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է համապատասխան նախարարը», որն այժմ դատական կարգով բողոքարկման ընթացքում է, 1-ը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով (աշխատողի մահվան դեպքում)»,- տեղեկացրել են նախարարությունից։

Նախարարությունից նաև հայտնել են, որ նույն ժամանակահատվածում նախարարությունում աշխատանքի ընդունվածների թիվը 32-ն է։ 

Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ նախարարության աշխատակից Գոհար Անակչյանը հեռացվել է աշխատանքից, ով Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ պայքարելու է իր իրավունքների համար:

Նաև նախարարությանը կից տուրիզմի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանն էր ազատվել պաշտոնից, որը ներկայումս դատական կարգով փորձում է վերականգնել աշխատանքը: Վերջինս Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իրեն ասել էին՝ պետք է պաշտոնդ թողնես և նախկին աշխատանքին վերադառնա, սակայն նա հրաժարվել էր։

Ավելի ուշ աշխատանքից հեռացվել է նաև նախարարության լիցենզավորման թույլտվության և գործակալության պետ Նաիրի Սաղաթելյանին: