«Արարատ-Արմենիան» զիջեց «Դյուդելանժին» և հանդես չի գա ԵԼ խմբային փուլում

21:46 • 29.08.19

00:46

Ֆուտբոլային վիճակախաղում` 11 մետրանոց հարվածաշարում, ավելի հաջողակ գտնվեցին դաշտի տերերը` հաղթելով 5:4 հաշվով: Հայաստանի չեմպիոնի կազմում վրիպեցին Պետրոս Ավետիսյանն ու Գեորգի Պաշովը: «Արարատ-Արմենիան» դուրս մնաց պայքարից, «Դյուդելանժը» հանդես կգա Եվրոպա լիգայի խաղարկության 2019/20 թթ. մրցաշրջանի խմբային փուլում:

00:30


«Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում նույնպես հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց: Դաշտի տերերը հաղթեցին 2:1 հաշվով: Նույն հաշիվը գրանցվել էր նաև երևանյան խաղում` հօգուտ հայկական թիմի, իսկ սա նշանակում է, որ դիմակայության ելքը կվճռվի 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ:

00:11

Լյուքսեմբուրգի հավաքականի ֆուտբոլիստ Բուշուարիի ինքնազգացողությունը վատացել է: Նա ստանում է բժշկական շտաբի օգնությունը և վերադառնում խաղադաշտ: Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսը մեկնարկեց:

00:07

Լրացուցիչ ժամանակի առաջին 15 րոպեների ընթացքում հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց: Մրցակիցը հաղթում է 2:1 հաշվով: Երկու խաղերի արդյունքով հաշիվը հավասար է` 3:3: Առջևում լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսն է: Եթե այստեղ ևս գոլեր չգրանցվեն, հանդիպման ելքը կվճռվի 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ:

23:45

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել է «Դյուդելանժին»։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով, ինչը նշանակում է, որ խաղը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ, քանի որ Երևանում գրանցվել էր նույն հաշիվը՝ հօգուտ հայկական թիմի։

Հիշեցնենք, որ այս խաղում հաշիվը 24-րդ րոպեին բացեց Հայաստանի գործող չեմպիոնի ֆուտբոլիստ Մայսոն Լիման։ «Արարատ-Արմենիայի» այս գոլին մրցակիցը պատասխանեց 48-րդ ու  71-րդ րոպեներին խփած գոլերով․ դուբլի հեղինակ դարձավ Դանել Սինանին։


23:29

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել է «Դյուդելանժին»։

Առաջին կեսից հետո մեր տղաները հաղթում էին 1-0 հաշվով։ Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը 11-մետրանոց հարված վաստակեցին ու վերականգնեցին հաշվի հավասարությունը։ Գոլի հեղինակ դարձավ Դանել Սինանին։

71-րդ րոպեին Սինանին ևս մեկ գնդակ ուղարկեց Աբակումովի պաշտպանած դարպասը։ Հաշիվը 2-1 է։ Ընդհանուր դիմակայությունում հաշիվը հավասար է՝ 3-3։ 



23:25

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել է «Դյուդելանժին»։ 

Պատասխան խաղի առաջին կեսից հետո մեր տղաները հաղթում են 1-0 հաշվով։ Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը 11-մետրանոց հարված վաստակեցին ու վերականգնեցին հաշվի հավասարությունը։ Գոլի հեղինակ դարձավ Դանել Սինանին։ 



22:50

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» խաղի առաջին կեսից հետո հայկական թիմը հաղթում է 1-0 հաշվով։

Խաղի 21-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոց հարվածից մրցակցի դարպասը չկարողացավ գրավել մեր թիմի ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոն, բայց 3 րոպե անց Մայսոն Լիման առաջ մղեց «Արարատ-Արմենիային»։



22:33

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել է «Դյուդելանժին»։ Մայսոն Լիման առաջ է մղել մեր թիմին։ Հավելենք, որ րոպեներ առաջ Անտոն Կոբյալկոն վրիպեց 11-մետրանոց նշակետից։

21:46

Քիչ անց կմեկնարկի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան՝ «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։ Խաղին ուղիղ հեռարձակմամբ ժ․ 22:00-ից կարող եք դիտել այստեղ։ 

Հիշեցնենք, որ մեր թիմը Երևանում կայացած խաղում հաղթել էր 2-1 հաշվով ու իրական շանս ունի դուրս գալու մրցաշարի խմբային փուլ։

Հայաստանի չեմպիոնի կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։