Օդեսայի Tokyo Star հյուրանոցում հրդեհի բռնկման կասկածյալը գլխավոր ադմինիստրատորն է․ Օդեսայի դատախազություն

18:23 • 11.09.19

Ուկրաինայի Օդեսա քաղաքի դատախազությունը հայտնել է Tokyo Star հյուրանոցի գլխավոր ադմինիստրատորի վերաբերյալ կասկածանքի մասին, ով խախտել է հակահրդեհային անվտանգության համակարգի պահանջները, ինչի արդյունքում դժբախտություն է տեղի ունեցել։ Այս մասին ասվում է դատախազության մամլո հաղորդագրության մեջ։

«Օդեսա քաղաքի դատախազությունը, հետևելով ազգային ոստիկանության գլխավոր վարչությանը, օրենքի պահանջների հետ համաձայն հաղորդել է Tokyo Star հյուրանոցի գլխավոր ադմինիստատորի հանդեպ կասկածանքի մասին, ով խախտել է հակահրդեհային անվտանգության համակարգի կանոնները, ինչի հետևանքով մարդիկ են մահացել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննության տվյալների համաձայն՝ գլխավոր ադմինիստրատորի պարտականության գործառույթների մեջ է մտել նաև հյուրանոցի հակահրդեհային համակարգի հետ կապված հարցերի կարգավորումը։ Իրավապահները պարզել են, որ հյուրանոցի վարումը իրականացվել է հակահրդեհային անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Օդեսայի Tokyo Star հյուրանոցում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 9 մարդ է մահացել, 10-ը՝ տուժել։ Հյուրանոցում 200 մարդ է գտնվել, որոնցից 30-ը՝ օտարերկրացիներ։  

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ անձամբ կհետևի Օդեսայի Tokyo Star հյուրանոցում բռնկված հրդեհի հետաքննությանը:

Զելենսկին նաև հավաստիացրել էր, որ հրդեհի համար պատասխանատվություն կկրեն ոչ միայն ողբերգության անմիջական մեղավորները, այլև հյուրանոցի սեփականատերը: