Աթամբաևի կողմնակիցները հրաժարվել են հանրահավաքի գաղափարից՝ սահմանին տիրող իրավիճակի պատճառով

14:01 • 17.09.19

Կոռուպցիայի համար մեղադրվող Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցները հրաժարվել են նախօրոք ծրագրած հանրահավաքից՝ Տաջիկստանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, որտեղ ավելի վաղ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, գրում է РИА Новости-ն` հղում անելով Աթամբաևի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաևայի հայտարարությանը:

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում գտնվող Աթամբաևի կողմնակիցներն ավելի վաղ նախկին ղեկավարի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 17-ին, հանրահավաք-համերգ էին ծրագրել:

«Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհուրդը ճիշտ չի համարում Աթամբաևի ծննդյան օրվա առթիվ նախօրոք պլանավորած հանրահավաքի անցկացումը: Այս պահին, երբ սահմանին շարունակվում են բախումները, հանրահավաքի և տոնական որևէ միջոցառման անցկացումն անհարգալից վերաբերմունքի դրսևորում կլիներ տուժածների ընտանիքների և հարազատների հանդեպ»,- գրել է Ժոլդուբաևան Facebook-յան իր էջում:

Ժոլդուբաևայի խոսքով` նախկին նախագահի ծննդյան օրվա առթիվ կուսակցությունը շնորհավորական ուղերձներ է ստանում ոչ միայն ղրղզստանցիներից, այլև օտարերկյա քաղաքացիներից և կազմակերպություններից. Աթամբաևին մասնավորապես շնորհավորել է Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար կազմը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին զինված կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ ղրղզ սահմանապահ է զոհվել և ավելի քան 10 մարդ վիրավորվել: Միջադեպի պատճառ է հանդիսացել պետական սահմանի չթույլատրվող տարածքում շինարարական աշխատանքների իրականացման հանգամանքը: Երկու երկրների զինվորականների միջև փոխհրաձգությունը շարունակվել է մի քանի ժամ:

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը ձերբակալվել է օգոստոսի սկզբին: Մինչ այդ նախկին նախագահի կողմնակիցների և ուժայինների միջև զինված պայքար է տեղի ունեցել: Բախման հետևանքով 136 անձ է տուժել: