Իմ կարծիքով՝ բացառվում է Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշում գործադրելը. նա այն անձը չէր, որ ճնշման ենթարկվեր. ՃՈ նախկին պետ
Երկար տարիներ` քսան տարի, աշխատել եմ Հայկ Հարությունյանի հետ և այդպիսի լավ, պետական մտածելակերպով մարդու չեմ հանդիպել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը` խոսելով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մասին, որի դին հայտնաբերվել է Բջնիի իր առանձնատանը` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
«Հոյակապ անձնավորություն, ուժեղ մարդ էր, որքան լավ բաներ կան, կարող եմ ասել իր հասցեին, շատ ցավում եմ այս դեպքի հետ կապված, ցավակցում եմ իր հարազատներին»,-ասաց Մարգար Օհանյանը և նշեց, որ Հայկ Հարությունյանի երկու եղբայրն էլ ոստիկանության համակարգի աշխատող են եղել, և իրենց առանձնահատուկ ընտանիք է համարում: Նա հայտնեց, որ վերջին շրջանում Հայկ Հարությունյանի հետը շփում չի ունեցել:
Ինչ վերաբերում է 2008 թվականի մարտի մեկի դեպքերի հետ այս ամենի կապված լինելուն, նրա նկատմամբ հնարավոր ճնշումների հավանականությանը, Մարգար Օհանյանն ասաց. «Այդ հարցի շուրջ ոչինչ չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ Հայկ Հարությունյանը ոչնչից վախեցող չէր: Ինքը այդքան թույլ մարդ չէր: Չեմ կարող ասել՝ առողջական խնդիր է եղել, թե այլ բան, բայց նա շատ ուժեղ սպա էր»,-ասաց Մարգար Օհանյանը:
Մարգար Օհանյանը նշեց, որ «Մարտի 1-ին» Հայկ Հարությունյանը եղել է ոստիկանության պետ և ինքնըստինքյան շատ բան պետք է իմանար այդ իրադարձությունների վերաբերյալ, սակայն չի կարծում, թե ճնշումների է ենթարկվել: «Իմ կարծիքով՝ բացառվում է Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշում գործադրելը: Նա այն անձնավորությունը չէր, որ ճնշման ենթարկվեր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխի հրազենային վնասվածքով: Վերջինս ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է 2003-2008 թվականներին։ ՀՀ ոստիկանության պետ աշխատած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ ուներ:
Նշենք նաև, որ Մարգար Օհանյանը 2012-ին 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել` պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով պետական գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Իսկ 2013 թվականի հոկտեմբերի 8-ին համաներմամբ ազատ էր արձակվել:










