Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացուն ոստիկանական բաժին տարան՝ Սուրեն Պապիկյանի հասցեին սպառնալիք հնչեցնելու համար (տեսանյութ)
13:45
Քիչ առաջ Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին ոստիկանները կառավարության մոտից բերման ենթարկեցին` ասելով, թե ահազանգ կա, որ ինքը սպանության սպառնալիք է հնչեցրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հասցեին:
Ռաֆայել Մխիթարյանը մասնակցում էր Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակչների բողոքի ակցիային` պահանջելով կառավարությունից լուծել ոռոգման ջրի խնդիրը, որի պատճառով բերքը չորացել է:
Նշենք, որ մինչ քաղաքացուն ոստիկանություն էին ուղեկցում, նա բողոքի ակցիայի մյուս մասնակիցների հետ պահանջում էր հանդիպում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
«Ես վստահ եմ, որ նախարարը չի գալու այստեղ: Ջրային նոր «Դոն» ունեն, նոր «մաֆիա», ջրային նոր «դոներ» են ի հայտ եկել»,-հայտարարել էր Էջմիածնի բնակիչը:
10:56
Կառավարության շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում: Այստեղ են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, որոնք պահանջում են արդար դատավարություն իրենց երեխաների մահվան հանգամանքը բացահայտելու համար:
Բողոքի ակցիա է իրականացնում նաև Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի տնտեսվարողներից մեկը, ով ունի 70 հա հողատարածք: Վերջինս բողոքում է, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով բերքը չորանում է:










