ՏԻՄ ընտրությունների արդյունքները. թեկնածուներից մեկն ստացել է 0 ձայն, 13 համայնքների թեկնածուներից միայն մեկն է եղել կուսակցական, գործող համայնքապետերը հիմնականում պարտվել են
Հայաստանի 13 համայնքներում երեկ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Tert.am-ն արդեն տեղեկացրել է Արմավիրի Զարթոնք համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:
Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավարի ընտրությունների համար պայքարած երեք թեկնածուներ Հովհաննես Բաղդասարյանը, Շիրակ Խաչատրյանը և Ձոնիկ Սարգսյանն անկուսակցական են: Նշենք, որ Ձոնիկ Սարգսյանը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, սակայն ընտրություններում հաղթել է Շիրակ Խաչատրյանը՝ 197 քվեով:
Երեք թեկնածուներից ամենաքիչ ձայները հավաքել է հենց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ 91 ձայն, մյուս թեկնածուն՝ Հովհաննես Բաղդասարյանն ստացել է 133 քվե:
Գեղարքունիքի Վանևան համայնքում ևս համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել է 3 թեկնածու: Այստեղ Իգոր Հարությունյանը հաղթել է երկու ձայնի տարբերությամբ․ նա ստացել է 104 քվե, իսկ թեկնածու Էմին Սարգսյանը՝ 102 քվե:
Ուշագրավ է, որ թեկնածուներից Ատոմ Մկրտչյանն ստացել է 0 ձայն:
Արարատի մարզի Մրգանուշ համայնքում ղեկավարի պաշտոնի համար պայքարել են ՀՅԴ անդամ Մանվել Շահբազյանը, որը համայնքի գործող ղեկավարն է, անկուսակցական Արկադի Մանուկյանը և Գարիկ Շահբազյանը: Այստեղ ձայների մեծամասնությամբ հաղթել է գործող համայնքապետը՝ ստանալով 387 քվե:
Տավուշ Խաշթառակ համայնքում էլ երկու թեկնածու է եղել՝ անկուսակցական Արման Մատինյանը և Անդրանիկ Վիրաբյանը: Այստեղ հաղթել է Անդրանիկ Վիրաբյանը՝ ստանալով 608 քվե:
Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել է երեք թեկնածու՝ Հակոբյան Սարգիսը, ով ստացել է 151 քվե, Ստեփանյան Դավիթը՝ 130 քվե, Աղաջանյան Համբարձումը՝ 54 քվե:
Լոռու մարզի մեկ այլ՝ Լուսաղբյուր համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել է միայն գործող համայնքապետը՝ անկուսակցական Արամայիս Հակոբյանը: Ընտրությանը մասնակցած 368 ընտրողներից նրան կողմ է քվեարկել 351-ը:
Գեղարունիքի մարզի Գեղարքունիք համայնքում համայքնի ղեկավար է ընտրվել Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արայիկ Աբրահամյանը: Այստեղ երկու թեկնածու է պայքարել համայնքի ղեկավարի պաշտոնի համար՝ Արայիկ Աբրահամյանը, ով ստացել է 370 քվե և Մեհրաբիկ Հարոյանը՝ 317 քվե:
Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել է 4 թեկնածու, այդ թվում՝ համայնքի գործող ղեկավար Հայկ Սիմոնյանը: Նա ամենաքիչ ձայներն է ստացել՝ 51 ձայն: Թեկնածուներից Արսեն Հովսեփյանն ստացել է 208, Վալտեր Գևորգյանը՝108, Արթուր Շահբազյանը՝ 170 քվե: Այստեղ համայնքապետ է ընտրվել անկուսակցական Արսեն Հովսեփյանը:
Արագածոտնի Ղազարավան համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է գործող համայնքապետ Հայկ Ասատրյանը՝ 196 քվեով, մյուս թեկնածու Արմեն Հովսեփյանն ստացել է 86 քվե:
Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում ևս հաղթել է համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը՝ ստանալով 546 քվե։ Մյուս թեկնածու Վաչագան Ավետիսյանն ստացել է 240 քվե:
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ղեկավարի պաշտոնի համար պայքարել են համայնքապետարանի ավագանու անդամները և համայնքապետը: Համայնքապետարանի ավագանու անդամ Սամվել Ավետիսյանն ստացել է 420, համայնքի ղեկավարի տեղակալ Թևոսյան Սարդուրը՝ 871, համայնքապետարանի ավագանու անդամ Դավիթ Մինասյանը՝ 1 111, համայնքի գործող ղեկավար Սամվել Վարդանյանը՝ 447 ձայն:
Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում էլ վերընտրվել է գործող համայնքապետ Մխիթար Պետրոսյանը: Նա ստացել է 406 քվե: Մյուս թեկնածուներից Արարատ Բարիկյանն ստացել է 191, Վարազդատ Հարությունյանը՝ 40, Էդուարդ Մարգարյանը՝ 290, Մարկոս Նազարյանը՝ 53 քվե:










