«ՎԵՏՕ» նախաձեռնությունն ահազանգում է՝ իրենց թույլ չեն տվել ակցիա իրականացնել Բաղրամյան 26-ի մոտ, մինչդեռ այնտեղ հակառուսական ակցիա է տեղի ունեցել. Ոստիկանությունը պարզաբանում է

16:09 • 01.10.19

Բաղրամյան 26-ի մոտ արարողակարգ է տեղի ունեցել, որտեղից հեռացվել են պաստառներով հավաքված մարդիկ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության լրատվական բաժնից՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունն արգելեց «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներին երթով բարձրանալ Բաղրամյան 26, հայտարարեց՝ ճանապարհները փակ են անգամ հետիոտների համար, սակայն հակառուսական ակցիա Բաղրամյան 26-ի մոտ, այդուհանդերձ, տեղի ունեցավ:

Հարցին՝ ե՞րբ են հեռացվել այդ քաղաքացիները, ոստիկանությունից պատասխանեցին՝ երբ պաստառներ են պարզել:

Tert.am-ի հարցին՝ եթե ճանապարհը փակ է եղել անգամ հետիոտների համար, ինչպե՞ս էին այդ քաղաքացիներն այդտեղ հասել, ոստիկանությունից պատասխանեցին. «Մարդիկ մոտեցել էին այնտեղ, այն ժամանակ, երբ պաստառներ են պարզել, արարողակարգի ընթացքում հեռացվել են: Հիմա այնտեղ ոչ ոք չկա, նրանք հեռացվել են»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  «ՎԵՏՕ» նախաձեռնության՝ Մատենադարանի դիմացից մեկնարկած հավաքի ներկայացուցիչներին ոստիկանները թույլ չտվեցին շարժվել դեպի Բաղրամյան 26: «Այս պահին պետական անվտանգությունը և հասարակական կարգի անվտանգությունը գերակա է, այդ պատճառով մենք չենք արգելում հավաքի անցկացումը, բայց որոշակի հատվածներում չենք թույլատրելու»,-տեղեկացրեցին հավաքի մասնակիցներին՝ հղում կատարելով օրենքին։

Ի պատասխան ոստիկանների դիտարկումներին՝ հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը նշեց, որ իրենք ունեն ընդգծված հարգանք բոլոր ուժային կառույցների, բոլոր ուսադիրներով մարդկանց նկատմամբ:

Ավելի ուշ «ՎԵՏՕ» նախաձեռնության այսօրվա ակցիայի մասնակիցներից Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ հիշեցնելով, որ ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին երթ իրականացնել դեպի Բաղրամյան 26, մինչդեռ Բաղրամյան պողոտայում հակառուսական ակցիա է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: