Թայվանում փլուզված կամրջի փլատակների տակ 5 մարմին է հայտնաբերվել (տեսանյութ)
Թայվանում գտնվել են օրերս կամրջի փլուզման հետևանքով զոհված 5 անձանց մարմինները, գրում է Associated Press-ը:
Զոհերից երկուսն ինդոնեզացի են, մեկը` ֆիլիպինցի, ողբերգության մյուս զոհերի ինքնությունը դեռևս չի պարզվել: Նախնական տեղեկատվությամբ` նրանք բոլորն աշխատել են թայվանական ձկնորսական նավերի վրա:
Կամրջի փլուզման հետևանքով 10 անձ է հոսպիտալացվել, որոնց թվում է նաև ջուրը գլորված ավտոցիստեռնի վարորդը: Մնացած 9-ը` ֆիլիպինցի և ինդոնեզացի ձկնորսները, ծանր վիճակում են:
Միջադեպի հանգամանքների վերաբերյալ քննություն է տարվում:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին՝ բենզինով լի ցիստեռնի՝ կամրջով անցնելու ժամանակ: Այն գլորվել է ցած` նավամատույցի ուղղությամբ, որտեղ ձկնորսական նավակներ են եղել, այնուհետև պայթել է:
140 մետր երկարությամբ և 18 մետր բարձրությամբ կամուրջը կառուցվել էր 1998 թվականին: Այն փոխարինել է նախկին` ավելի ցածր կամրջին:










