Հոնկոնգում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության հարձակման հետևանքով ինդոնեզացի լրագրողը կուրացել է մի աչքով

11:02 • 03.10.19

Ինդոնեզացի լրագրողը, որը Հոնկոնգում բողոքի ակցիաների ժամանակ ռետինե փամփուշտով հարված է ստացել դեմքի շրջանում, կուրացել է մի աչքով, հայտնել է նրա փաստաբանը: Այս դեպքը հունիսից մեկնարկած բողոքի ցույցերի ընթացքում գրանցված ամենալուրջ վնասվածքն է, գրում է The Guardian-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ աճող մտահոգություն կա բռնության աճի և ավելի թշնամական մթնոլորտի սպառնալիքի վերաբերյալ, որի արդյունքում երեքշաբթի մի լրագրող է ձերբակալվել, իսկ մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ոստիկանների և ցուցարարների բախումների հետևանքով:

Նշվում է, որ լրագրողները բռնության զոհ են դարձել, թեև կրել են «տեսանելի բաճկոններ»՝ լրագրողների համար նախատեսված անվանաքարտերով:

Ինդոնեզացի Վեբի Ինդահը վիրավորվել է երկու օր առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում, երբ գործընկերների հետ հեռվում կանգնած ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է ցույցը: Ոստիկանությունը կրակ է բացել խմբի վրա մոտ հեռավորության վրա: Կադրերում երևում է, թե ինչպես է մեկը բղավում՝ «այս կողմում լրագրողներն են», սակայն վայրկյաններ անց հարվածի հետևանքով աղջիկը վայր է ընկել գետնին:

Բժշկական զննությունից հետո պարզ է դարձել, որ աղջկա աջ աչքի տեսողությունն այլևս հնարավոր չէ վերականգնել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ աճող մտահոգություն կա բռնության աճի և ոստիկանության՝ լրատվամիջացների աշխատանքին խոչընդոտելու դեպքերի աճի վերաբերյալ: Շատերը 39-ամյա լրագրողի վրա հարձակումը որակել են լրատվամիջոցների վրա հարձակումների ակնհայտ փորձ:

Հոնկոնգի լրագրողների ասոցացիան հայտնել է, որ կհետաքննի Վեբի Ինդահի գործը:

«Մենք ավելի քան մտահոգված ենք, քանի որ պատահարի ժամանակ լրագրողը ցուցարարների հարևանությամբ չի գտնվել, նրա՝ լրատվամիջոցի անդամ լինելն ավելի քան ակնհայտ է եղել, նա նաև գտնվել է մի շարք այլ լրագրողների հետ»,- հայտնել են ասոցիացիայից:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:

Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի պաշտոնյաներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: