«Դուք միայնակ չեք». Ջեֆ Բեզոսն այցելել է Ստամբուլ և իր զորակցությունն է հայտնել լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուին (տեսանյութ)
The Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը չորեքշաբթի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում ներկա է գտնվել լրագրող Ջամալ Խաշոգջիի պատվին կազմակերպված հիշատակի արարողությանը, հաղորդում է The Washington Post-ը:
Խաշոգջին հայտնի էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդի հասցեին գրված քննադատական հոդվածներով, որոնք տպագրվում էին The Washington Post-ում՝ պարբերական, որը Ջեֆ Բեզոսը ձեռք է բերել 2013 թվականին՝ 250 մլն դոլարով:
Լրագրողին նվիրված հիշատակի արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով ժամը 13:14-ին՝ այն ժամին, երբ Խաշոգջին մուտք էր գործել հյուպատոսարան: Արարողության ժամանակ ելույթ էր ունեցել նաև Բեզոսը:
«Ոչ ոք երբևէ չպետք է անցնի այն ամենի միջով, ինչի միջով դուք եք անցել»,- ասել է նա Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության մոտ հավաքված ամբոխի առջև և դիմել է Ջամալ Խաշոգջիի հարսնացուին՝ Հաթիջե Ջենգիզին:
«Հենց այստեղ դուք ժամեր շարունակ քայլել, վերուվար եք արել փողոցներով ու սպասել նրան, բայց նա այդպես էլ դուրս չեկավ այստեղից: Այդ ամենն անհնար է անգամ պատկերացնել, և վստահ եղեք, որ դուք մեր սրտում եք: Մենք հիմա ձեր կողքին ենք, ու դուք միայնակ չեք»,- ասել է նա:
Այս խոսքերից հետո Բեզոսը և Հաթիջե Ջենգիզը գրկախառնվել են, որից հետո ելույթ է ունեցել Ջենգիզը:
Ելույթի ժամանակ Ջենգիզը Խաշոգջիին անվանել է «իր լավագույն ընկերն» ու «կյանքի սերը»:
Հիշեցնենք, որ Խաշոգջին աշխատում էր The Washington Post թերթում և 2017թ.-ից ի վեր ապրում էր ԱՄՆ-ում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին նա Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Հյուպատոսարանից հայտնել էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:
Հետաքննության արդյունքում Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ լրագրողին դիտավորյալ խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են:













