Մեխիկոյում հիշատակի երթն ավարտվել է ոստիկանության հետ բախմամբ

14:02 • 03.10.19

Մեխիկոյում 1968 թվականի զոհերի հիշատակին նվիրված երթի՝ ծայրահեղ տրամադրված մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով առնվազն 4 անձ է տուժել, գրում է РИА Новости-ն:

3 անձ վնասվածք է ստացել պայթուցիկ նյութերի պատճառով: Կամավորներից մեկը, որն օգնել է շրջափակման գործողություններում, դեմքի շրջանում վնասվածք է ստացել:

Չնայած հիշատակի երթի կազմակերպիչների և իշխանությունների` խաղաղ բողոքի երթ անցկացնելու կոչերին` երթը ծայրահեղական անարխիստների և իրավապահ մարմինների միջև բախման է վերաճել:

Ավելի վաղ` սեպտեմբեր ամսին, Հերրերո նահանգում ուսանողների առևանգման և սպանության դեպքի առնչությամբ կազմակերպված բողոքի երթի ընթացքում ծայրահեղականները քաղաքի կենտրոնում կոնֆլիկտ են հրահրել. իշխանությունները կոնֆլիկտի վնասի արժեքը գնահատել են 100 միլիոն պեսո:

1968 թվականի ուսանողական զանգվածային հուզումները սկսվել են ամռանը` ուղեկցվելով երթի մասնակիցների դեմ ոստիկանության լուրջ ճնշումներով: Նույն թվականի հոկտեմբերի 2-ին շարժման առաջնորդները լուրջ բախումներից խուսափելու համար երթն ավարտելու կոչ են հնչեցրել, սակայն չնայած դրան` ոստիկանության և երթի մասնակիցների միջև փոխադարձ կրակոցներ են հնչեցվել: Մինչ օրս սպանվածների հստակ թիվը, ինչպես նաև առաջինը կրակող կողմի վերաբերյալ տեղեկատվությունն անհայտ է մնում: