Մեծ Բրիտանիայում Brexit-ի պատճառով հոգեկան խանգարման առաջին դեպքն են արձանագրել

11:45 • 03.10.19

Մեծ Բրիտանիայում ախտորոշել են սուր հոգեկան խանգարման առաջին դեպքը, որը պայմանավորված է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի հարցով հանրաքվեի արդյունքներով առաջացած սթրեսով, հաղորդում է British Medical Journal-ը:

«Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքների հայտարարվելուց երեք շաբաթ անց հիվանդի հոգեկան առողջությունը սկսել է արագորեն վատթարանալ, որի պատճառը Brexit-ի հետևանքների վերաբերյալ լուրջ մտավախություններն են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սկզբում հիվանդը սկսել է ավելի շատ ժամանակ վատնել սոցցանցերում՝ Brexit-ի վերաբերյալ մտավախությունների մասին հաղորդագրություններ գրելով: Նա չի կարողացել համակերպվել տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ, սկսել է ավելի շատ անհանգստանալ ռասիստական բնույթի միջադեպերի կապակցությամբ: Տղամարդը նաև սկսել է ավելի քիչ քնել:

Տղամարդը դիմել է բժշկի, որը նրան հակադեպրեսանտներ և քնաբեր է նշանակել, սակայն բուժումը դրականորեն չի ազդել հիվանդի վրա: Հիվանդի մոտ խելացնորություն և պատրանքներ են առաջացել։ Տղամարդու վիճակն ավելի է վատացել, և երբ նա սկսել է տանն իրերը դեսուդեն նետել, նրան հոսպիտալացրել են: