Գործադիրը փոփոխություններ մտցրեց նշանակալի նվաճումներ ունեցողներին պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տալու կարգում

13:15 • 03.10.19

Կառավարությունը այսօր որոշում ընդունեց  փոփոխություններ կատարել Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու որոշման մեջ։

Որոշմամբ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները: Հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի որ հստակ, չափելի չափանիշներ սահմանված չէին այդ փուլի համար, որոնք հնարավորություն կտան օբյեկտիվ գնահատել հարցազրույցի արդյունքները:

Պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում ներկայացրած քաղաքացու մոտիվացիոն նամակի, գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերի պահանջը։

Նախագծով տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները՝ նշանակալի նվաճումների հաշվարկման 100 բալային առավելագույն միավորների սահմանաչափը՝ դարձել է 80 միավոր՝ նկատի ունենալով, որ հարցազրույցի փուլը հանվել է և նախատեսված չափորոշչի համար սահմանված 20 բալային միավորը պակասել է:

Բացի այդ, հստակեցվել է միջին որակավորման գնահատականը և ներդրվել է դրա հաշվարկման բանաձև, ինչի արդյունքում տարկետման իրավունքի հավակնություն ձեռք բերելու շեմը մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 60 միավորի փոխարեն սահմանվել է 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 65-ի փոխարեն 51 բալային միավոր:

Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մեջ, նախատեսվել է միջին որակավորման գնահատականի հաշվարկման հստակ բանաձև: