Մահաթմա Գանդիի աճյունամոխիրը գողացել են նրա տարեդարձի օրը

21:02 • 03.10.19

Անհայտ անձինք հոկտեմբերի 2-ին գողացել են Մահաթմա Գանդիի աճյունամոխիրը, որը պահվում էր Մադհյա Պրադեշ նահանգում գտնվող հուշահամալիրում:

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման առաջնորդի ծննդյան 150-րդ տարեդարձի օրը: Հուշահամալիրի վերակացուն հայտնել է, որ տարեդարձի տոնակատարությունների առթիվ վաղ առավոտից բացել է համալիրի դարպասները, իսկ երեկոյան վերադառնալով՝ նկատել է Գանդիի մնացորդների անհետացումը:

Ինչպես ընդգծում է աղբյուրը, որոշ հնդիկ ազգայնականներ մինչ օրս Գանդիին ընկալում են որպես դավաճան այն պատճառով, որ նա պաշտպանում էր հինդուսների և մուսուլմանների խաղաղ գոյակցության գաղափարը:

Մահաթմա Գանդին մահացել է 1948-ին «Հինդու Մահասաբա» արմատական խմբավորման ակտիվիստի հարձակման հետևանքով: