Գարիկ Սարգսյանի պատճառով բարեկամը բարեկամի դեմ է դուրս եկել, գյուղը կիսվել է երկու մասի. նորաշենցիները պահանջում են չեղարկել մարզպետի անօրինական որոշումը (տեսանյութ)
11:34
Կառավարության մոտ Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչների բողոքի ակցիան շարունակվում է: Բնակիչ Ալինա Կարապետյանը նշեց, որ երեք օր մարզպետարանում են եղել, մարզպետ Գարիկ Սարգսյանն իրենց խաբել է:
«Մեզ անամոթաբար ասում է` եկեք, ներողություն խնդրեք, ինչի համար, որ գոռացել ենք, անհանգստացրել ենք, դուռն ենք գնացել: Այդպիսի ղեկավա՞ր է լինում: Ինքը պարզ ներսում մեզ ասում է` թքած ունեմ համայնքի ձայների վրա: Ես որոշել եմ, խոստացել եմ ու պիտի անեմ»,-նշեց Ալինա Կարապետյանը:
11:18
Արարատին մարզի Նորաշեն համայնքում իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց են. մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման դեմ բողոքը շարունակվում է:
Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցվել են, և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին։
Արարատի մարզի բնակիչ, «Ուժ և իրավունք» ՀԿ նախագահ Ալինա Մախսուդյանի խոսքով` Նորաշենի ավագանու 4 անդամներ, համագործակցելով մարզպետի հետ, անհիմն և անօրեն որոշում են կայացրել, որ վայր դնեն համայնքապետի լիազորությունները: «Նրանք անհեթեթ փաթեթ են ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից էլ եկել է պատասխան, թե լիազորությունները վայր են դնում, 2 ամիս հետո էլ պատրաստվում համայնքապետի նոր ընտրությունների»,-ասաց նա` հարց ուղղելով կառավարությանը, թե մենք այդքան շռայլ գումարներ ունե՞նք, որ 2 ամիսը մեկ ընտրություններ անենք:
Ալինա Մախսուդյանը նշեց նաև, որ նախկին համայնքապետին առաջարկել են անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Նորայր Գրիգորյանը հրաժարվել է, բայց միշտ եղել է իշխանության կողքին:
Արարատի բնակիչն ասաց նաև, որ սպասում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի պատասխան տա, իրենց խոսքով, անօրինական կարգադրության համար:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին:
Նախորդ ակցիաների ժամանակ համայնքի բնակիչները նշում էին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը քաղաքական է:
Ըստ նրանց՝ նախորդ տարի Գարիկ Սարգսյանը համայնքապետին առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նա հրաժարվել է, ինչն էլ նրան աշխատանքից ազատելու պատճառ է դարձել:
Նշենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Նախկին համայնքապետը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։
10:40
Ջրի խնդիրը լուծված չէ. ջրօգտագործողները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ։ Օգոստոսի 25-ից տնտեսվարող Ռաֆայել Մխիթարյանի հողատարածքի ջրամատակարարումը դադարեցվել է. տնտեսվարողը պնդում է, որ պայմանագրով նախատեսված բոլոր վճարումներն իրականացրել է, սակայն ջրի խնդիրը այդպես էլ չի լուծվել
Այս պահին այստեղ են նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը. նրանք պահանջում են արդար դատավարություն իրենց երեխաների մահվան հանգամանքը բացահայտելու համար։
Նորաշեն համայնքում իրականացվող բողոքի ակցիաի մասանակիցները նույնպես կառավարության շենքի դիմաց են. ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման բողոքը շարունակվում է:
Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցվել են, և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին։










