«Միսս Մոսկվա 2015» Օքսանա Վոևոդինան Մալայզիայի նախկին թագավորից «աստղաբաշխական» գումար է պահանջել ամուսնալուծությունից հետո

18:56 • 03.10.19

Մալայզիայի նախկին թագավոր Մուհամմադ V-ի մտերիմները տեղեկացրել են, որ նրա նախկին կինը՝ «Միսս Մոսկվա 2015» ճանաչված Օքսանա Վոևոդինան, «աստղաբաշխական» գումար է պահանջել ամուսնալուծությունից հետո: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ ռուս գեղեցկուհին դեռևս չի արձագանքել այս տեղեկությանը:

Անանուն աղբյուրների տվյալներով՝ Վոևոդինան սուլթանից 1.2 մլն ֆունտ ստերլինգ (96 մլն ռուբլի) արժողությամբ բնակարան է պահանջել Մոսկվայում, 8 մլն ֆունտ արժողությամբ տուն Լոնդոնում և 24 000 ֆունտ ամսական հատկացվելիք գումար՝ որդուն պահելու համար:

«Նա ինձ ո՞ւմ տեղն է դրել՝ Բիլ Գեյթսի: Լեոնը հաջորդ տարի Իտոնի քոլեջ (մասնավոր բրիտանական դպրոց տղաների համար) է ընդունվելո՞ւ, ինչ է, այլապես ինչի՞ համար է փոքրիկ երեխային նման գումար անհրաժեշտ»,- Մուհամմադ V-ի խոսքը մեջբերում են նրա մտերիմները:

Զույգի ամուսնալուծության մասին հայտնի է դարձել հուլիսի 17-ին: Մալայզիական թերթի տվյալներով՝ ամուսինները փաստաթղթերն ապահարզանի համար Սինգապուրի դատարան էին ներկայացրել հունիսի 22-ին: