Նորաշենի բնակիչները կառավարության մոտ են. պահանջում են հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ
Արարատին մարզի Նորաշեն համայնքում իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց են. մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման դեմ բողոքը շարունակվում է:
Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցվել են, և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին։
Արարատի մարզի բնակիչ, «Ուժ և իրավունք» ՀԿ նախագահ Ալինա Մախսուդյանի խոսքով` Նորաշենի ավագանու 4 անդամներ, համագործակցելով մարզպետի հետ, անհիմն և անօրեն որոշում են կայացրել, որ վայր դնեն համայնքապետի լիազորությունները: «Նրանք անհեթեթ փաթեթ են ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից էլ եկել է պատասխան, թե լիազորությունները վայր են դնում, 2 ամիս հետո էլ պատրաստվում համայնքապետի նոր ընտրությունների»,-ասաց նա` հարց ուղղելով կառավարությանը, թե մենք այդքան շռայլ գումարներ ունե՞նք, որ 2 ամիսը մեկ ընտրություններ անենք:
Ալինա Մախսուդյանը նշեց նաև, որ նախկին համայնքապետին առաջարկել են անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Նորայր Գրիգորյանը հրաժարվել է, բայց միշտ եղել է իշխանության կողքին:
Արարատի բնակիչն ասաց նաև, որ սպասում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի պատասխան տա, իրենց խոսքով, անօրինական կարգադրության համար:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին:
Նախորդ ակցիաների ժամանակ համայնքի բնակիչները նշում էին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը քաղաքական է:
Ըստ նրանց՝ նախորդ տարի Գարիկ Սարգսյանը համայնքապետին առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նա հրաժարվել է, ինչն էլ նրան աշխատանքից ազատելու պատճառ է դարձել:
Նշենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Նախկին համայնքապետը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։
17:30
Արարատի մարզի բնակիչներից 3 հոգի՝ Ալինա Մախսուդյանը, Վարդան Մինասյանը և Բաբկեն Հարությունյանը հանդիպեցին ՏԿԵ նախարարության և Կառավարության 2-ական ներկայացուցիչների հետ: Որոշվեց, որ տարածքային կառավարման նախարարությունը Նորաշեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի համայնքի ղեկավարի տեղակալ Միսակ Ստեփանյանին:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ուժ և իրավունք» ՀԿ նախագահ Ալինա Մախսուդյանը:










