ԱՄՆ-ում սերմնահեղուկի դոնորը դատի է տվել կլինիկային, երբ իմացել է, որ դարձել է 17 երեխայի հայր

17:58 • 03.10.19

ԱՄՆ-ում 17 երեխայի հայր դարձած ամերիկացի Բրյուս Քլիրին մտադիր է դատական հայցի միջոցով 5 միլիոն դոլարից ավելի գումար պահանջել Օրեգոնի առողջության և գիտության համալսարանի կլինիկայից, հայտնում է Sky News-ը:

Տղամարդը մեղադրում է կլինիկային պայմանագրի պայմանների խախտման համար, ըստ որի նա պետք է 5-ից ավելի երեխայի կենսաբանական հայր չդառնար: Բացի այդ, Քլիրին պնդում է, որ կլինիկան խախտել է պայմանավորվածությունը, ըստ որի իր կենսաբանական տվյալները չպետք է փոխանցվեին Օրեգոն նահանգում ապրող կանանց:

Նա պնդում է, որ իր կենսաբանական երեխաներից առնվազն երկուսը սովորել են նույն դպրոցում իր երեխաների հետ, որոնց պահում ու մեծացնում են ինքն ու իր կինը:

Տղամարդը հայտարարել է, որ որոշել է դառնալ սերմնահեղուկի դոնոր, որպեսզի օգնի անպտուղ զույգերին, սակայն հանդիպել է կլինիկայի կողմից նման «անթույլատրելի անպատասխանատվության»: