«Ինքնաթիռի բեռը ճզմել էր նրանց». հայտնի են Լվովում Ան-12 բեռնատար ինքնաթիռի վթարի մանրամասները (լուսանկարներ)

16:51 • 04.10.19

Ուկրաինայի Լվով քաղաքի օդանավակայանի մոտակայքում վայրէջքի ժամանակ վթարի ենթարկված Ան-12 բեռնատար ինքնաթիռի անձնակազմի մահվան պատճառը բեռների չափազանց մեծ ճնշումն է եղել, գրում է korrespondent.net-ը` հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիյի հայտարարությանը:

«Ինքնաթիռի խցիկն ամբողջովին ջախջախված է, ամեն ինչ՝ տակնուվրա եղած: Ինքնաթիռի բեռը ճզմել է այնտեղ գտնվող մարդկանց: Ըստ տեղեկությունների` ինքնաթիռում 8 մարդ է եղել: Նրանցից երեքին հաջողվել է փրկել: Ինքնաթիռի մոտ կարելի է տեսնել մարդկանց մարմինների որոշակի մասեր»,- ասել է քաղաքապետը:

Նրա խոսքով` ինքնաթիռը չպետք է վայրէջք կատարեր Լվովում, սակայն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել և մինչև թռիչքուղի չի կարողացել հասնել՝ վառելիքի վերջանալու պատճառով:

«Այստեղ` մոտակայքում, բնակելի տներ կան, և եթե ինքնաթիռն ընկներ այդ տարածքում, իսկական աղետ կլիներ»,- ասել է քաղաքապետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիյը, վթարային վայրէջքի հետևանքով զոհվել է 5 մարդ: Օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 1 բեռի ուղեկցորդ:

Դա բեռնատար չվերթ էր, որը մեկնել էր իսպանական Վիգոյից թուրքական Ստամբուլ և պետք է վերալիցքավորվեր Լվովում: