Երեք օրում Հայաստանի տարածքում ունենք 1 զոհ և 3 վիրավոր․ ասելու բան չկա՞ սեփական հանրությանը, զինված ուժերին, համանախագահներին, միջազգային հանրությանը. Կարեն Բեքարյան

22:44 • 04.10.19

Վերլուծաբան Կարեն Բեքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ, մասնավորապես, նշված է, որ իշխանությունը կորցրել է իրականության զգացողությունը։Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ի՞նչ արձագանք կա իշխանությունների կողմից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում և ձեռնարկվու՞մ են արդյոք: Ասելու բան չկա՞ սեփական հանրությանը, զինված ուժերին, համանախագահներին, գործընկեր երկրներին, միջազգային հանրությանը…

Հորինված թեմաների և պոպուլիստական էժանագին օրակարգի ներքո իշխանությունը լիովին կորցրել է իրականության զգացողությունը, իսկ հանրությունը՝ իր համապատասխան ինստիտուտներով հանդերձ, օր-օրի սպառում է սեփական իմունիտետը…

Մենք չունենք և չենք կարող ունենալ թշնամիներ սեփական երկրում, իրական թշնամին մեր թշնամանքից է ուժ ստանում և այդ ուժը նրան տալիս են ներքին թշնամանք սերմանողները:

Կամ մենք կհասկանանք այս պարզագույն ճշմարտությունը, կամ՝ կհատենք անդառնալիության ռուբիկոնը…

Ցավակցում եմ հայրենիքի պաշտպանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին....

Արագ ապաքինում մեր վիրավոր տղաներին»: