Ռուսաստանում կինը ստել է ամուսնուն, թե երեխայի է սպասում, և «որպես ապացույց» ծննդատնից երեխա առևանգել

12:19 • 04.10.19

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Լենինսկ-Կուզնեցկի քաղաքի բնակչուհին ծննդատնից երեխա է առևանգել, քանի որ մի քանի ամիս առաջ ամուսնուն ստել է, թե երեխայի է սպասում, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային կառույցի կայքը:

Ըստ քննչական մարմինների տեղեկատվության` մաթեմատիկայի 41-ամյա ուսուցչուհին Կեմերովո քաղաք է գնացել: Ամուսնուն հեռախոսով տեղեկացնելով երեխայի ծննդի մասին՝ կինը ներթափանցել է հիվանդանոցի ծննդաբերության բաժանմունք և առևանգել ուրիշի նորածին երեխային:

Կնոջը ձերբակալել են Լենինսկ-Կուզնեցկիի ավտոկայանում, երբ կինն արդեն վերադարձել էր իր մշտական բնակության քաղաք: Կինը խոստովանել է, որ ամուսնուն մի քանի ամիս առաջ ստել էր, թե երեխայի է սպասում:

Քննչական մարմինները պատրաստվում են կնոջ հանդեպ հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն իրականացնել: Ուսուցչուհու դեմ մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով` «Անչափահասի միտումնավոր առևանգում»:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ երեխային առևանգող կնոջը ժամանակին կանգնեցրել է երեխայի հայրը, որը եկել էր ծննդատուն՝ կնոջն այցելության: Վերջինս նկատել է նորածնին գիրկն առած անծանոթ կնոջը, հասել է նրա ետևից և որդուն ետ` ծննդատուն տարել: