Գրոզնի-Մոսկվա չվերթի երկու ամսական ուղևորը մահացել է Վոլգոգրադի հիվանդանոցում

10:30 • 04.10.19

Գրոզնի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում` ինքնաթիռի երկու ամսական ուղևորին շտապ հիվանդանոց տեղափոխելու համար: Երեխայի կյանքը, ավաղ, փրկել չի հաջողվել, գրում է РИА Новости-ն:

Վոլգոգրադի օդանավակայանի մամուլի ծառայության տվյալներով` հինգշաբթի Utair ավիաընկերության Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը տեղական ժամանակով 14:45-ի սահմաններում երեխայի ինքնազգացողության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում: Նորածինը մոր հետ տեղափոխվել է տեղական հիվանդանոց, իսկ ինքնաթիռը մեկ ժամ անց շարունակել է թռիչքը դեպի վերջնակետ:

«Երկու ամսական երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գրանցվել է կենսաբանական մահը: Հետաքննության նախնական տվյալներով՝ երեխան տառապել է բնածին հիվանդությամբ»,- հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Վոլգոգրադի քննչական վարչության մամուլի ծառայությունից: