Մի հարցի շուրջ կարող եմ պատասխան տալ, որ աջակցել եմ Փաշինյանին իշխանության գալու հարցում, այդտեղ թույլ եմ տվել խախտում. իրավապահները թող լսեն ու ուսումնասիրեն. Արա Բաբլոյան (տեսանյութ)
Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել, ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ով որպես կասկածյալ է ներգրավված ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում:
«Ես սա պաշտոնապես եմ հայտարարում, իրավապահները թող լսեն ու թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»,- ասաց Բաբլոյանը:
Պատասխանելով հարցին, թե ՀՔԾ-ն նշում է, որ ինքն ավելի վաղ է արել հայտարարությունը, քան ներկայացվել է Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, Արա Բաբլոյանն ասաց. «Հայտարարությունն արել եմ այն ժամանակ, երբ դիմումն իմ սեղանին էր»:
Արա Բաբլոյանն ասաց, որ եթե մեղավոր է, ապա պատրաստ է պատիժը գրել, բայց ինքն օրինապահ է, օրենքներ չի խախտում, մանավանդ պաշտոնի եղած ժամանակ:










