Հերթական անձը պետք է գտնվեր անազատության մեջ, որ հերթական ճնշումը լիներ ՍԴ նախագահի նկատմամբ. պաշտպանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը: Կալանքն ընտրվեց որպես այլընտրանքային խափանման միջոց: Այս մասին հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը` նշելով, որ ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ:
Նա Սահակյանը տեղեկացրեց, որ պաշտպանները ներկայացրել էին նաև գրավի միջնորդություն, որը չի կիրառվել:
«Չնայած մենք գտնում էինք, որ կալանքը` որպես խափանման միջոց, չի կարող ընդհանրապես կիրառվել մի շարք հանգամանքներով, քանի որ, ընդհանրապես, մեղադրանքը անհիմն էր, և դատարանը պետք է ֆիքսեր, որ հիմնավոր կասկածն առկա չէ, հիմքերից չեմ էլ ուզում նույնիսկ խոսել` ավելորդ է, բայց նկատի ունենալով, որ սա քաղաքական դատավարություն է, և այս պրոցեսներում, բնականաբար, դատավորը չէր կարող անկախ լինել, և չեմ կարծում նաև, որ ինքն այն դատավորն էր, որ կարող էր անկախ գործել, ապա նաև այլընտրանքային խափանման միջոցի միջնորդություն էր արվել, որ գոնե դատարանը փորձի այս կերպ ազատության մեջ թողնել Արսեն Բաբայանին»,-մեկնաբանեց փաստաբանը:
Վերջինս ընդգծեց, որ ակնհայտ ապօրինի են այն պրոցեսները, որոնք կատարվում են Արսեն Բաբայանի շուրջ: «Մեզ համար հասկանալի էր, որ հերթական անձը պետք է գտնվեր անազատության մեջ, որպեսզի հերթական ճնշումը լիներ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ. դատարանը դա ապահովեց»,- ասաց Սահակյանը` նշելով, որ պաշտպանները բողոքարկելու են դատարանի որոշումը:
«Քանի որ մենք ՀՀ-ում հույս չունենք, որ Վերաքննիչ դատարանում թույլ կտան, որ այս գործը համակարգիչը մակագրի այն դատավորին, որը կարող է օրինական որոշում կայացնել, մենք մինչև վերջ ենք գնալու և դիմելու ենք նաև Եվրոպական դատարան»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկել էին Բաբայանին ձերբակալելու որոշումը: Հոկտեմբերի 22-ին նշանակված դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ Արսեն Բաբայանը չբերվեց դատարան:
Արսեն Բաբայանը պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին։ Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:










