The Hour of Code. «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ի նախաձեռնությամբ՝ միջոցառում ապագա ծրագրավորողների համար
«Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Hour of Code» միջազգային միջոցառումը, որը մասնակից դպրոցահասակ երեխաներին հնարավորություն տվեց խաղերի միջոցով հեշտությամբ սովորել տարատեսակ ծրագրավորման լեզուներ և մոտեցումներ: «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ընկերության ավագ ծրագրավորող Արա Գևորգյանի խոսքով՝ միջոցառման նպատակն է երեխաներին ծանոթացնել ծրագրավորման նրբություններին և սկզբունքներին, քանի որ մասնագիտությունը պահանջված է: Այդ ամենն արվում է խաղի միջոցով, որպեսզի սովորելու գործընթացը երեխաների համար ավելի գրավիչ լինի:
«Այս միջոցառումը սկիզբ է առել ԱՄՆ-ում՝ նպատակ ունենալով երեխաներին դեռ վաղ հասակից սովորեցնել ծրագրավորման հիմունքները: Այս տարի համաշխարհային մասշտաբով միջոցառմանը մասնակցել է ավելի քան 100 միլիոն մարդ: Քանի որ Հայաստանն ընտրել է տեխնոլոգիական ապագան և այն մեզ համար ռազմավարական ուղղություն է, դպրոցահասակ երեխաներին կրթելու և գործընթացի մեջ ներգրավելու պատասխանատվությունը մասամբ ստանձնել է նաև մեր ընկերությունը: ԱՄՆ վիճակագրության համաձայն՝ կան երեխաներ, որոնք մասնակցելով այս միջոցառմանը, մի քանի տարի հետո հիմնել են իրենց ստարտափները: Դա լավ ցուցանիշ է և հույս ունեմ մեզ մոտ նույնպես այդպես կլինի»,-ասաց նա։
Միջոցառմանը մասնակցության հայտ էր ներկայացրել 6-16 տարեկան մոտ 150 երեխա: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար ընտրված էր համապատասխան բարդության խաղ, որի ինտերակտիվ պլատֆորմը թույլ է տալիս տեղաշարժելով բլոկները ծանոթանալ ծրագրավորման նրբություններին:
The Hour of Code-ը մեկնարկեց ընկերության ղեկավար Ռիչարդ Բեզջյանի և Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի խոսքով:
«Ես «EGS» ընկերությանը շատ լավ ծանոթ եմ: Ինձ համար շատ կարևոր է Երևանում ֆրանսիական դպրոցի կապը հայ իրականության, Հայաստանում գործող ընկերությունների հետ: Սա հիանալի հնարավորություն է տարբեր դպրոցներում, այդ թվում՝ ֆրանսիական դպրոցում սովորող երեխաների համար մասնակցելու այս միջոցառմանը և ձեռք բերելու ծրագրավորման և կոդավորման ոլորտում իրենց առաջին փորձը: Կարծում եմ, որ այս երեխաներից շատերն առաջին անգամ են Հայաստանում հնարավորություն ունեցել այցելել նման ընկերություն»,- ասաց Ժոնաթան Լաքոտը:
«Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ընկերության ծրագրավորողները մասնակից երեխաներին օգնեցին ավելի հեշտ մուտք գործել ծրագրավորման աշխարհ: 7-ամյա Սոնա Գալստյանն այս ընկերության կողմից կազմակերպող միջոցառումներին մասնակցում է երկրորդ անգամ և նշում է, որ ցանկանում է դառնալ ծրագրավորող և, չնայած վաղ հասակին, նշում է՝ ծրագրավորումը կարևոր մասնագիտություն է և շարունակելու է զարգացնել հմտություններն այդ ուղղությամբ:
Մեկ այլ մասնակից՝ 8-ամյա Կարեն Խաչատուրյանը ծրագրավորող դառնալ ցանկանում է դեռևս 4 տարեկանից, նման միջոցառման մասնակցում է առաջին անգամ, օգնող մասնագետները բացատրում են, որ մատչելի ծրագրավորում սովորելու համար կշարունակի մասնակցել նմանօրինակ միջոցառումներին:
«Էներջայզ Գլոբալ Սերվիսիզի» գործադիր տնօրեն Ռիչարդ Բեզջյանը նշում է՝ նման նախաձեռնություն կիրականացվի ամեն տարի:
«Միջոցառման գաղափարն առաջացել է, երբ Գրեյս Հաբըրգը կարողացավ ստեղծել անգլերեն տեքստային ծրագրավորման լեզու, «Քոբլ» անունը կրող լեզվական կոդը: Դա բեկումնային էր տեխնոլոգիաների պատմության մեջ: Առհասարակ մենք կարևորում ենք կանանց ներուժը, նրանք պատվով են իրագործում ցանկացած առաջադրանք, ավելի լուրջ և մանրակրկիտ են աշխատում։ Մեր աշխատակիցների 37%-ը իգական սեռի են, և մենք հպարտ ենք նրանցով: «The Hour of Code»-ը ուժեղացնում է կոդավորման գաղտնիքը հասկանալու կարողությունը երեխաների, հատկապես՝ դպրոցահասակների շրջանում: Հանդիսանալով Հայաստանի ամենամեծ ՏՏ ընկերությունը և լինելով մասնագիտացված համակարգչային ծրագրերի ստեղծմամբ, կարևոր ենք համարում երեխաների հետ աշխատանքը: Մեզ համար կարևոր է նրանց հետագայում մեզ հետ աշխատելու հնարավորություն տալ»,- ասաց նա։
Ավելի մեծ տարիքային խմբի ներկայացուցիչ 12 տարեկան Ալբերտ Բագրատունյանը ծրագրավորմամբ զբաղվում է արդեն 2 տարի։ Նա The Hour of Code միջոցառմանը առաջին անգամ էր մասնակցում, սակայն նշեց, որ ներկայացված պլատֆորմի շնորհիվ սովորեց կոդավորումը:
«Դու քայլեր ես գրում, խաղային մարդուկը անում է դրանք: Պետք է առանց թակարդը ընկնելու հերոսին հասցնել վերջնակետին: Հեշտ և ընկալելի է, ուղղակի պետք է անգլերեն գրես: Նման միջոցառումները շատ կօգնեն, որ զարգանանք: Եթե էլի նման բան կազմակերպեն, կգամ անպայման»,- ասաց մասնակիցը:
The Hour of Code միջոցառումը մասնակիցներին հնարավորություն տվեց խաղերի միջոցով հեշտությամբ սովորել տարատեսակ ծրագրավորման լեզուներ և մոտեցումներ: Միջոցառմանը ներկա էին նաև «Լուսե» կենտրոնի հաշմանդամություն ունեցող սաները։
«Երբ գալիս էինք, երեխաները անկեղծացան՝ միջոցառմանը երեկվանից անհամբեր սպասել են: Այս միջոցառումը հնարավորություն կտա մեր լուսե երեխաներին մասնագիտորեն և մոտիկից ծանոթանալ IT ոլորտին: Կարևորում ենք նաև հատուկ կարիքներով երեխաների ներգրավվածությունը, քանի որ IT ոլորտում հատուկ կարիքներով անձինք կարող են ավելի մեծ մասնակցություն ունենալ՝ աշխատելով օրինակ՝ տնից, սա հնարավորություն է իրենց համար զարգացնելու իրենց կարողությունները՝ ներառվելով և ներգրավվելով: Սա ողջունելի քայլ է, որը որպես քաղաքականություն, պետք է որդեգրեն բոլոր կազմակերպությունները»,- ասաց «Լուսե» սոցիալ-վերականգնողական կենտրոնի ղեկավար Գոհար Գալստյանը։
«Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ընկերությունը գործում է մոտ 12 տարի և ունի ավելի քան 300 ինժեներներից բաղկացած թիմ: Ընկերությունը խրախուսում է միջազգային նախագծերը և ՏՏ ոլորտի տարածումը երիտասարդության շրջանում։
The Hour of Code միջոցառմանը ներկա էին նաև ՀՖՀՀ Ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը և բազմաթիվ այլ ազդեցիկ մարդիկ:
Միջոցառումն ամփոփվեց հավաստագրերի հանձմամբ:





























