Նման շռայլությունը լոգիկայից դուրս է, Երևանում ավելի կարևոր խնդիրներ կան, որ լուծման կարիք ունեն. Դավիթ Սահակյանցը` Ամանորի ծախսերի մասին

22:17 • 09.12.19

Ինձ համար անհասկանալի է, երբ երկար տարիներ խոսվում էր գումարների վատնման մասին և հիմա նման ծախս է նախատեսվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը` անդրադառնալով Երևան քաղաքի Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված ծախսերին:

«Նման շռայլությունը, ինձ թվում է, ընդհանուր լոգիկայից դուրս է, բայց այն քաղաքականության լոգիկայի մեջ է, որը տանում է այսօրվա իշխանությունը: Այնպես որ, ես չեմ զարմանում, որ նման բան են անում, իհարկե, շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնց լուծման կարիքն ունի մայրաքաղաքը»,-ասաց նա:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին, ընդհանուր առմամբ, ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն՝ նախատեսվել է 271,797 դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Դավիթ Սահակյանցը նշեց, որ այս ամենն շոու է և արվում է ցույց տալու համար, թե ամեն ինչ լավ է: Նա նաև աբսուրդ համարեց այն, որ Գորան Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար քաղաքապետարանը բյուջեից կծախսի շուրջ 290 հազար դոլար:  

Ըստ նրա` ներկայիս իշխանությունը չպետք է այնպիսի գործողություններ աներ, ինչը նախկինում փնովել են և պետք է ավելի լուրջ մոտեցում ունենային:

«Բրեգովիչի համերգի անհրաժեշտությունը չէ, որ այսօր կա, առավելևս, որ կապված է այդչափ մեծ գումարների հետ: Հաշվի առնելով առկա խնդիրները, քաղաքապետի տված խոստումները, բավականին շատ խնդիրներ կարող էին լուծել այդ գումարով: Իհարկե ոչ ամբողջ քաղաքի, բայց գոնե մի քանի շենքերի խնդիրներ կարող էին լուծել և դա կլիներ շատ մեծ նվեր շատ ընտանիքների համար, որոնք նման կարիք ունեն»,-ասաց նա: