Արդյո՞ք օգտակար կլինեի Հայաստանին, եթե այնտեղ մնայի. Ռուբեն Վարդանյան

18:48 • 09.12.19

Հանրահայտ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որը մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է, հարցազրույց է տվել Forbes ամսագրի ղազախստանյան տարբերակին, որում անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներին:

Պարբերականը նշում է, որ Ռուբեն Վարդանյանը 17 տարեկանում Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ դարձել է հաջողակ ձեռնարկատեր, այժմ էլ մի շարք նախագծեր է իրականացնում հայրենիքում:

«Չգիտեմ՝ արդյոք ավելի օգտակար կլինեի Հայաստանի համար, եթե այնտեղ մնայի, քան այժմ, երբ հաջողության հասնելով պահել եմ կապը հայրենիքի հետ: Հարցն այլ է. ինչպես ներգրավել լավագույններին: Դա էկոհամակարգի ստեղծման հարց է. ինչի՞ համար է անհրաժեշտ լավ բուհը, եթե հետո մարդ չի կարողանում նորմալ բիզնես ստեղծել, չի կարողանում նոր ընկերություն հիմնել, չի կարողանում լավ պաշտոնների հասնել, դրա համար նա պետք է ինչ-որ մեկի բարեկամը լինի»,- մեկնաբանել է գործարարը, որը 103-րդ հորիզոնականն է զբաղեցնում Forbes Russia-ի վարկանիշում:

Վարդանյանի խոսքով՝ չի կարելի միայն կրթական նախագիծ ստեղծել՝ չփոխելով ողջ համակարգը, աջակցության հիմնադրամներ չստեղծելով, չգրավելով ընկերություններին:

Որպես համալսարանների զարգացման ուղղություն՝ գործարարն առաջարկել է ծրագրեր ստեղծել նաև 60 տարեկաններ համար:

«Եթե մարդ 50-60 տարեկան է և СЕО (գլխավոր գործադիր տնօրեն) չէ, ապա ոչ մի տեղ չի կարող նոր բան սովորել և կանգնած է հասարակությունից դուրս մնալու վտանգի առաջ: Համալսարանն այսօրվա գիտությունների համալիրի տեսքով սպառվել է, վերապատրաստում է անհրաժեշտ»,- ասել է Վարդանյանը: