«Լուժկովը վառ և խիզախ քաղաքական գործիչ էր». Պուտին

17:03 • 10.12.19

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ ջերմ հարաբերությունների մեջ էր Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ:

ՌԴ նախագահն իր ցավակցությունն է հայտնել Յուրի Լուժկովի հարազատներին և մտերիմներին՝ նրան անվանելով վառ և խիզախ քաղաքական գործիչ, իսկական քաղաքապետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Յուրի Միխայիլովիչ Լուժկովն իրապես ոչ սովորական մասշտաբի անձնավորություն էր: Նա վառ և խիզախ քաղաքական գործիչ էր, էներգետիկ և տաղանդավոր կազմակերպիչ, բաց և կենսուրախ մարդ: Իսկական մայրաքաղաքի քաղաքագլուխ, որին հարգում և վստահում էին մոսկվացիները: Դժվար տարիներին, պատմական դարաշրջանների բախման ժամանակ, նա շատ բան է արել Մոսկվայի զարգացման համար»,-ասված է ցավակցական հեռագրում:

ՌԴ նախագահը հավելել է, որ միշտ կհիշվի Լուժկովի աջակցությունը սևաստոպոլցիներին և սևծովյան նավաստիներին:

«Մի կողմ թողած բոլոր պարտավորություններն ու դիվանագիտական արարողակարգերը՝ նա ուղիղ ասել է, որ Սևաստոպոլը ռուսական քաղաք է: Մենք միշտ կպահպանենք Յուրի Լուժկովի բարի հիշատակը, կհիշենք նրա գործերի և ձեռնարկների մասին, որոնք ծառայել են Մոսկվային և Ռուսաստանին»,-նշել է ՌԴ նախագահը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, 83 տարեկանում կյանքից հեռացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Նա Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 18 տարի՝ 1992-2010 թվականներին: