Նոր Զելանդիայում ժայթքած հրաբխի հետևանքով մահվան դեպքերի հետաքննություն կանցկացվի (լուսանկարներ, տեսանյութ)
Նոր Զելանդիայի ոստիկանությունը քրեական հետաքննություն կանցկացնի Ուայթ Այլենդ կղզու հրաբխի ժայթքման հանգամանքների կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ: Այդ մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ոստիկանության խոսնակ Ջոն Թիմսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Նոր Զելանդիայի ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում էր, որ սկսվել է մահվան դեպքերի հանգամանքների հետաքննություն, սակայն նշվում էր, որ «դեռ վաղ է հաստատել, որ նաև քրեական հետաքննություն կանցկացվի»:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Թիմսը, ժայթքման պահին կղզու տարածքում գտնված 47 մարդկանց թվում եղել են Մեծ Բրիտանիայի երկու, Գերմանիայի չորս, Ավստրալիայի քսանչորս, Նոր Զելանդիայի հինգ, Չինաստանի երկու, Մալայզիայի մեկ և ԱՄՆ ինը քաղաքացիներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կղզուց հեռացրել են 34 մարդու: Հաստատվել է, որ մահացել է հինգ մարդ, վիրավորվել` 31-ը: 8 հոգի համարվում է անհայտ կորած, որոնք, իշխանությունների ենթադրությամբ, նույնպես մահացել են:
Նոր Զելանդիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Փիթ Ուոթսոնը մամուլի ասուլիսում նշել է, որ շատ տուժածներ ծանր վնասվածքներ են ստացել, 27 մարդ մարմնի մակերեսի ավելի քան 30%-ի այրվածք է ստացել, շատերն էլ՝ շնչուղիների այրվածքներ: Ենթադրություններ կան, որ տուժողներից մի քանիսի վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի կլինեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ժայթքումը տեղի է ունեցել այն պահին, երբ զբոսաշրջիկները գտնվել են խառնարանի տարածքում:
Daily Mail պարբերականը հրապարակել էր ժայթքման տեսանյութը, որում լսվում է զբոսաշրջիկների խուճապահար ձայնը:
















