Նորզելանդական կղզում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի (լուսանկարներ, տեսանյութ)
Նորզելանդական Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, տեղեկացնում է nzherald.co.nz կայքը՝ հավելելով, որ կղզում, հավանաբար, դեռևս մարդիկ կան:
Իշխանությունների փոխանցմամբ՝ 18 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով հոսպիտալացվել է: Ընդհանուր առմամբ, կղզուց տարհանվել է 23 մարդ: Ոստիկանությունն առայժմ չի կարող ասել՝ որքան մարդ է եղել կղզում ժայթքման պահին: Սակայն ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ ժայթքման պահին կղզում մոտ 100 մարդ է եղել:
Daily Mail-ի տվյալներով՝ կա 27 անհետ կորած:
Նշվում է, որ կղզուն մոտ բնակվողներին խորհուրդ է տրվել տնից դուրս չգալ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ժայթքումը տեղի է ունեցել այն պահին, երբ զբոսաշրջիկները գտնվել են խառնարանի տարածքում:
Daily Mail պարբերականը հրապարակել էր ժայթքման տեսանյութը, որում լսվում է զբոսաշրջիկների խուճապահար ձայնը:















