Եթե այդ ընկերությունը քաղաքապետարանում ունենար հովանավորություն, նման վիճակում չէր հայտնվի. փոխքաղաքապետը՝ «Ֆակտորի»-ին սև ցուցակ գցելու, ապա ամանորյա միջոցառումներ կազմակերպելու թույլտվության մասին

12:31 • 11.12.19

Երևանի քաղաքապետարանում ընտրյալներ չկան։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով «Ֆակտորի» ընկերությանը սև ցուցակ գցելու և ապա Ամանորյա միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն ստանալուն։

Տիգրան Վիրաբյանը նշեց, որ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունը կազմակերպելու մրցույթում հաղթել է և հնարավորություն ունեցել չորս վարչական շրջաններում միջոցառում կազմակերպել, սակայն փաստաթղթերի ճշտման փուլում մեկ փաստաթղթի ճշգրտման թիվ չի ներկայացրել, որի արդյունքում զրկվել է չորս միջոցառումները կազմակերպելու իրավունքից և Երևանի քաղաքապետարանի կողմից, օրենքի ուժով, հայտնվել սև ցուցակում։

«Սա նշանակում է, որ որևէ ընկերություն մեզ համար էական նշանակություն չունի։ Եթե այդ ընկերությունը քաղաքապետարանում ունենար հատուկ հովանավորություն, նման իրավիճակում չէր հայտնվի։ Խոսքը մեկ թղթի՝ մեկ օր ուշացման մասին էր»,- ասաց նա և հավելեց, որ այժմ ընկերությունը իրավունք ունի միջոցառում կազմակերպել:

Վիրաբյանը նշեց, որ բոլոր ընկերությունների ղեկավարներին անձամբ ճանաչում է: «Բոլոր ընկերությունների ղեկավարների հետ գործից դուրս շփվում ենք։ Մեծ հաճույքով գործից դուրս շփվում եմ Ռուբեն Ջաղինյանի հետ, «Ֆեկտորի» ընկերության ղեկավարության հետ»,- ասաց  փոխքաղաքապետը։